Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/32

Այս էջը հաստատված է

դեռ ոչինչ չենք կարգադրել իմ կացության համար, նստի՛ր , խնդրեմ, հոգյակս, եթե մեր աղտոտ աթոռը չի կեղտոտիլ քո սպիտակ հագուստը։

— Այդ ոչինչ…— պատասխանեց նույն լեզվով օրիորդ Անիչկան։— Ես մինչ այն աստիճան նրբաճաշակ չեմ։ Ես էլ տեսել եմ առաջին անգամ այդպիսի կեղտոտ աթոռներ հորս տանը…։

Եվ նա նստեց առաջարկած աթոռի վրա, հին գրասեղանի հանդեպ, որ յուր գույնով և կազմվածքով համապատասխան էր երկու աթոռների գոյությանը, որ երկու տարի առաջ Ճանճուր Իվանիչը հինգ մանեթով առել էր աճուրդում, Թամամշովի քարվանսարայի առաջ, մտածելով, որ մի օր նրանք կարող էին հարկավոր լինել դստերը, և նույն օրից թաքնված էր մառանումը, փոքրիկ Ելենայի չարություններից զերծ պահելու համար։

Բայց օրիորդ Սոֆիի թշերը շառագունեցան ընկերուհու նկատողության պատճառով, և նա ասաց խիստ խորհրդավոր ձայնով.

— Այո՛, այդ այդպես է լինում միշտ մեր կյանքի առաջին հանդեպը դպրոցեն դուրս գալուց հետո…

— Բայց դու տակավին մեծ պատերազմ ունիս պատերազմելու հնամոլության հետ, մինչև կարդադրես ամեն ինչ քո ախորժակին համեմատ։

— Կփորձենք,— ժպտալով կրկնեց օրիորդ Սոֆին։

— Այժմ ասա՛, ի՞նչ նորություններ ունիս մեր աշխարհից, ի՞նչպես են Սոնիչկան, Մական, Կատոն, էփոն և մեր մյուս ընկերուհիները։

— Բոլորը քո տեսածին պես. Սոնիչկան տակավին ծուլանում է որպես առաջ. Մական դեռ չէ՛ դադրում լուսամուտներից թաքուն նայել դեպի շուկա, Կատոն նույնպես պահած ունի յուր բարձի տակ Տուրգենևը, և էփոն նույնպես զանազան զվարճախոսությամբ ծիծաղեցնում է յուր ընկերուհիներին։

— Բայց Նատո՞ն։

— Նա էլ դեռ բանեցնում է յուր հին արհեստը․ փոքրավորներին կաշառելով, ծածուկ նրանց ձեռքով գրագրություններ է անում, և ամեն րոպե պատրաստ է վազել դեպի լուսամուտը, լսելու այն քաղցր մեղեդին Դոն-Ժուանից, երբ նրա մտքի ցնորքը, գիշերային պահուն երգելով, անցնում է դպրոցի մոտից։

— Այդ, ճշմարիտ, շատ հետաքրքրական է,— խոսեց Անիչկան և սկսեց ծիծաղել։