Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/320

Այս էջը հաստատված է

հետզհետե իմ վարձը ավելացնում էր, ես այնքան էի ստանում, որ բավական էր մորս և քույրերիս համեստ ապրուստի համար։

Վարպետս զարմանալի ընդունակություն ուներ յուր աշկերտներին խրախուսելու, նրանց եռանդը բորբոքելու և նրանց միշտ թարմ աշխուժության մեջ պահելու համար։ Նա չափազանց լավ մարդ էր, ինձ որդու նման սիրում էր և միշտ բարի խրատներ էր տալիս։ Նա խոստանում էր, որ եթե մի քանի տարի ևս կշարունակեմ գործել նրա արհեստանոցում և բոլորովին կկատարելագործվեմ, այն ժամանակ կօգնե ինձ, միջոցներ կտա, որ ինձ համար սեփական արհեստանոց բաց անեմ։ Ես բոլորովին հավատում էի, որ նա կկատարե յուր խոստմունքը, այդ պատճառով ավելի եռանդով էի աշխատում։ Նա այնքան բարի և ճշմարիտ մարդ էր, որ երբեք չէր խաբի։ Ես արդեն մի քանի օրինակներ էի տեսել, թե ո՛րպես իր աշկերտներին բախտավորացրել էր նա։

Բայց մի սարսափելի դեպք ոչնչացրեց իմ բոլոր գեղեցիկ ցնորքները...:

Մի օր հանկարծ մտան մեր արհեստանոցը ոստիկանության ֆերրաշները, վարպետիս կալանավորեցին, արհեստանոցը շրջապատեցին զինվորներով, սկսեցին խուզարկություններ անել։ Վարպետիս հետ կալանավորեցին մեր աշկերտներից, բանվորներից շատերին։

Ես փախա. ինձ բռնել չկարողացան։

Երեկո էր. արևը մայր էր մտել. գիշերային խավարը հետզհետե տարածվում էր երկրի վրա։

Ես առանց կանգ առնելու, վազում էի ինչպես մի սրընթաց եղջերու, բայց ինքս էլ չգիտեի, թե ո՛ւր էի գնում։ Երկյուղն ու սարսափը ինձ առաջ էին մղում։ Ես լավ գիտեի, թե ի՛նչ բան է պարսկական ֆերրաշը, և ի՛նչ սոսկալի հետևանք կարող է ունենալ մի քանի ժամ առաջ պատահած անցքը։

Երբ բոլորովին մթնեց, կանգնեցի, որ փոքր-ինչ հանգստանամ։ «Ո՞ւր գնամ» — այդ հարցը ծագեց իմ գլխում։ Մտածում էի, մտածում և ոչ մի ելք չէի գտնում։ Եթե մեր տունը գնայի, այնտեղ էլ կարող էին հայտնվել ֆերրաշները։ Հուսահատությունը խեղդում էր ինձ. ամբողջ մարմնով դողում էի։ Մինչ այդ տագնապի մեջ էի, հանկարծ լսեցի իմ անունը. մեկը կոչում էր ինձ։ Զարհուրանքը բոլորովին տիրեց ինձ։ Նա մոտեցավ։

— Մուրադ,— ասաց նա,— ինչո՞ւ ես այդպես շփոթված, ի՞նչ է պատահել քեզ հետ։

Ես հանգստացա։ Ինձ հետ խոսողը իմ ծանոթներից մեկն էր։