Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/323

Այս էջը հաստատված է

Դրանք կենդանի տղերք էին, համարձակ, միշտ ուրախ, միշտ անհոգ։ Անհոգ էին ինչպես երկնքի թռչունները և ապրում էին ճիշտ նրանց նման։ Դրանց մեջ կար սեր, անձնավորություն դեպի ընկերը և չափից դուրս անկեղծություն։ Ես շատ շուտ ճանաչեցի նրանց, որովհետև այսպիսի մարդերին ճանաչելը հեշտ է, և շուտ էլ կապվեցա նրանց հետ...։

Մենք այժմ չորս հոգի էինք. մեզանից ամեն մեկը մի շնորհք ուներ. ես լավ ձայն ունեի, երգում էի. Ասլանը գիտեր ածել ջութակի վրա. Սագոն ածում էր թութագի վրա, իսկ Կարոն լավ ածել գիտեր դայիրա։ Գիշերները կազմում էինք մի ամբողջ երաժշտական խումբ։ Մեր սեղանը լի էր լինում ամեն տեսակ ուտելիքներով, գինին խո այնքան էր, որքան կուզես խմե։ Ես առաջին անգամ սովորեցա խմելը։ Պատահում էր, մեզ սեղանակից էին լինում սիրելի հյուրեր։ Ամառը գյուղացիների մեծ մասը մեր կողմերում անց են կացնում այգիներում, բոստաններում, մշակության դաշտերում, և գիշերներն այնտեղ են պառկում։ Շատ անգամ մեր նվագարանների ձայնը դուրս էր կոչում գյուղացի աղջիկներին այգիների խորքից, նրանք գաղտնի գալիս էին մեզ մոտ. քա՜ղցր էր նրանց անցկացնել ամառային գեղեցիկ գիշերները մանկահասակ սրիկաների հետ...։

Այդ զվարճությունները այն աստիճան գրավել էին ինձ, որ ես համարյա թե մոռացա վարպետիս։ Ընկերներս թեև խոստացել էին նրա գործերի մասին ինձ տեղեկություն տալ, բայց, որպես հավատացնում էին, դեռ իրանք ևս ստույգ տեղեկություններ չունեին։ Միայն ասում էին, որ երկյուղը դեռ չի անցել։

Ասացի, մենք ապրում էինք երկնքի թռչունների պես. թռչունները չեն վարում, չեն ցանում, նրանք վայելում են ուրիշի մշակության բերքը։ Այսպես էլ անում էինք մենք։ Գիշերային խավարի մեջ սատանան այնպես համարձակ չէր կարող լինել, որպես մենք։ Բոլոր այգիների լավ-լավ պտուղները մեզ էին պատկանում։ Շատ անգամ թաքուն մտնում էինք գյուղերը։ Ամառվա տոթերի պատճառով տանեցիք քնած էին լինում կտուրների վրա, բակերը և սենյակները թողնելով բոլորովին անմարդաբնակ։ Ներս էինք մտնում մի տուն, գողանում էինք հաց, պանիր, հավեր, ձվաներ և այլ ուտեստներ։ Երբեմն այսպիսի գողություններ անում էինք մեր բարեկամների կամ ազգականների տներից։ Բայց երբեք չէր պատահում, որ, բացի ուտելիքներից, գողանայինք մի ուրիշ բան։ Մեր գյուղացիները գինու կարասները սովորաբար թաղում են այգիներում,