Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/332

Այս էջը հաստատված է

— Ա՜խ, Մուրադ, զավակս, դո՞ւ ես,— ասաց նա դառն հառաչանքով և մոտեցավ, գրկեց ինձ։

Ես ապշած մնացի։

— Փա՜ռք քեզ աստված, փա՜ռք քեզ,— ասում էր նա արտասուքը աչքերում,— ես քեզ բոլորովին կորած էի համարում... դարձյալ փա՜ռք լինի մեր տեր Հիսուս Քրիստոսին, որ կարողացա տեսնել քեզ...։

Քավորկնոջ գթասրտությունը ինձ բոլորովին զինաթափ արեց. իմ կատաղությունը բավական մեղմացավ, և ես հանդարտությամբ հայտնեցի, թե ցանկանում էի քավոր Պետրոսին տեսնել:

— Քանի շաբաթ է, որ նա տանը չէ, զավակս, ո՞ւր է գնացել, մենք էլ չգիտենք։ Այն օրից, որ քո վարպետի հետ պատահեց այն դժբախտությունը (ա՜խ, թող աստված ինքը ողորմություն անե այն խեղճին), Պետրոսը քուն և հանգստություն չուներ, ասում էր, սուրբ տիրամայր, այդ ի՞նչ պատահեց, միշտ քեզ վրա էր մտածում, միշտ քեզ համար էր աղոթում: Հետո ասաց ինձ, կնի՛կ, ես պիտի գնամ` գտնեմ Մուրադին, անփորձ տղա է, չլինի թե նա էլ վտանգի մեջ ընկնի։— Գնաց քեզ պտռելու, ա՜խ, հիմա ո՛րքան կուրախանա, երբ տեսնե, որ դու ողջ առողջ տուն ես եկել...։

Ես ամենևին չէի կասկածում, որ քավոր Պետրոսը իմ մասին անհանգիստ կլիներ, ես բոլորովին հավատում էի, որ նա գնացել էր ինձ որոնելու, որովհետև իմ մի սխալ քայլից, իմ մի անզգույշ խոսքից կախված էր նրա կյանքը։ Այդ պատճառով կարճ կտրեցի քավորկնոջ հետ, որովհետև գիշերը անցնում էր, շտապում էի մորս տեսնել։

— Մնա մեզ մոտ, զավակս,— թախանձում էր քավորկինը,— այս ժամանակ ո՞ւր ես գնում։

Երբ ես հայտնեցի, թե գնում եմ մորս տեսնելու, նա ասաց.

— Գնա՛, զավակս, պետք է նրան էլ ուրախացնել, խե՜ղճ կնիկ, ո՛րքան լաց էր լինում նա քո համար, ասում էր՝ Մուրադս կորավ, էլ չեմ տեսնի նրան... հիմա կտեսնե, կուրախանա։

Երբ ես կամենում էի բակից դուրս գալ, քավորկինը խորհուրդ տվեց, որ ծառային ինձ հետ տանեմ,— գիշեր է՝ զավակս, ասում էր նա,— ո՞վ է իմանում, կարող է հազար չար ու բարի պատահել...։

— Պետք չէ,— ասացի ես և հեռացա։

Դուրս գալով փողոցի խավարի մեջ, ինձ պաշարեցին նոր և ավելի ծանր մտածություններ,— քավոր Պետրոսին չգտա, ուրեմն