Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/337

Այս էջը հաստատված է

ա՛յժմ։— Այժմ ես փախչում էի Սառայից, որպես մի հանցավոր, որ արժանի չէր նրա սերին։

Սառային դեռ հայտնի չէին իմ վարպետի արհեստանոցում պատահած անցքի մանրամասնությունները, նա դեռ չգիտեր, թե ի՞նչ պատճառով ոստիկանությունը որոնում էր ինձ, նա միայն մի բան էր լսել, թե ես «գողերի հետ եմ ապրում»... Այդ մասին նա մի քանի րոպե առաջ հարցրեց ինձանից, իսկ ես նրա հարցը թողեցի առանց պատասխանի։ Ամոթը խեղդում էր ինձ. ի՞նչ վատ բան է գողությունը... Սառան էլ ինձ չի սիրի, մտածում էի ես, նտ բարի աղջիկ է, նա գողին չի սիրի...

Երբ ես կանգնեցա, պատրաստվում էի բաժանվել Սառայից, հարցրեց նա.

— Դու դարձյալ նրանց մո՞տ ես գնում։

— Ո՞ւմ մոտ։

— Այն գողերի մոտ... .

— Եթե դու գիտենայիր, Սառա, թե ինչ տեսակ տղերք են նրանք, դու. երբեք ինձ չէիր մեղադրի, որ ես անցուցի նրանց հետ մի քանի ամիսներ։ Նրանք այնքան սիրելի տղերք են, որ եթե դու տեսնելու լինեիր նրանց, ինքդ էլ կսկսեիր սիրել։ Նրանք վատ տղերք չեն, Սառա, և ես ցավում եմ, որ հանգամանքները բաժանեցին ինձ նրանցից... Նա կարծես թե հանգստացավ։

— Հավատում եմ քո խոսքերին,— ասաց նա։— Բայց հիմա ո՞ւր ես գնում։ — Գնում եմ մորս մոտ։ Այդ միջոցին բակից լսելի եղավ Սառայի հոր ոտնաձայնը։ Նա իջել էր կտուրից, պատրաստվում էր եկեղեցի գնալու։ Սառան գունաթափվեցավ. նա իսկույն դուրս գնաց սենյակից, և հոր առաջը կտրելով, ասաց.

— Գիտես, հայրիկ, Մուրադը եկել է։

— Ե՞րբ, ո՞ւր է,— հարցրեց հայրը զարմանալով։

— Հենց այս րոպեիս, այստեղ սենյակումն է։

Ես նրանց խոսակցությունը լսում էի. Սառան խաբեց հորը- երկրի սովորությունը ստիպեց նրան սուտ խոսել։ Նա չկամեցավ ցույց տալ, որ մենք մի քանի ժամեր միասին ենք եղել։ Դա կարող էր համարվել հրեշտակի նման մաքուր աղջկա համար մի տեսակ անպարկեշտություն։

Հայրը շտապով ներս մտավ, գրկեց ինձ, համբուրեց և