Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/34

Այս էջը հաստատված է

ուսման ավարտելը և մյուս անգամ յուր ծնողական տուն վերադառնալը։ Տիկին Բարբարեն շնորհակալ եղավ և օրհնեց օրիորդին՝ նրա բարեսրտության համար, և կամենում էր նստել յուր դստեր մահճակալի վրա, բայց օրիօրդ Սոֆին յուր աթոռը նրան տվավ և ինքը նստեց այնտեղ։

Օրիորդ Սոֆին մինչ այն աստիճան մոռացված էր իրանց խոսակցությամբ, որ չէր մտածել մի բանով հյուրասիրել յուր ընկերուհուն. մայրը մտաբերեց նրան, թե նա շատ անքաղաքավարությամբ էր վարվել յուր հյուրի հետ։ Օրիորդը դուրս գնաց և հրամայեց ծառային սուրճ մատուցանել։

Բայց որովհետև այդ հյուրը մի անծանոթ բան էր Հացի-Գելենց տանը, ծառան նոր գնաց փողոցից գնելու։ Մինչև նրա գնելը, մինչև դրացիներից բովելու գործիք առնելով սուրճը բովելը, տևեց ամբողջ երկու ժամ։ Մի ժամ ևս հարկավոր էր կաթ գնելու համար, բայց օրիորդ Սոֆին խիստ տհաճությամբ հրամայեց այնպես տալ։

— Ի՞նչպես են մայրդ, քույրերդ, — հարցրեց տիկին Բարբարեն Անիչկայից վրացերեն։

— Փառք աստծո, առողջ են. մայրս ձեզ հատուկ բարև ունի,— պատասխանեց նույն լեզվով Անիչկան։

Անիչկան թեև արմենուհի էր, բայց դժբախտաբար նա էլ չգիտեր հայերեն խոսել։

— Շատ շնորհակալ եմ,—պատասխանեց տիկին Բարբարեն։ — Ձեր մայրը բարի կին է։ Դուք ևս լավ աղջիկ եք. ես ուրախ եմ, որ չեք մոռացել Սոֆիին։

— Մենք վարժարանից սկսած սիրում էինք միմյանց, դեդի ջան,— ասաց Անիչկան բարեսրտությամբ։

— Աստված պահե ձեզ երկուսիդ էլ,— կրկնեց տիկինը։

Եվ այնուհետև նա սկսեց պատմել նրանց յուր մանկության ժամանակի աղջիկների բարքի և բնության մասին, երբ ո՛չ ուսում կար և ո՛չ կրթություն, և թե ինչպես նրանք շատ պարզամիտ ու հիմարներ էին։ Երկու օրիորդները բավական ծիծաղեցան՝ ասելով.— հենց հիմա էլ այդպիսի աղջիկներ սակավ չեն մեր քաղաքում։

Սույն միջոցին ներս մտավ բարձրահասակ Քիտեսը՝ սուրճի մատուցարանը ձեռքին։ Քիտեսի ուղտի նման անշնորհք շարժմունքից սուրճի սև հեղուկը կես մասամբ գավաթների ափսեների մեջ էր թափվել։ Օրիորդ Սոֆին, նկատելով այդ, բարկությամբ մի կողմնակի հայացք ձգեց վայրենի իմերելի երեսին և ոչինչ չխոսեց։

Աննա Եգորովնան բավական երկար նստեց, նրանք խոսեցան