Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/353

Այս էջը հաստատված է

— Այստեղ ի՞նչ կլինեմ։

— Այստեղ կարող եմ կորցնել քեզ...

Այդ երկյուղը հաշտեցնում էր Սառային ինձանից անջատվելու դրության հետ։ Նրա նշանածը մի հանցավոր էր, դատապարտության մատնված մի փախստական էր, բավական էր, որ բռնեին նրան, և Սառան այնուհետև հավիտյան պետք է զրկված լիներ սիրած տղամարդից։ Իսկ օտարության մեջ ես կպահվեի, այնտեղ չէր հասնի օրենքի և դատավորի ձեռքը, իմ կյանքը ապահովության մեջ կլիներ,— և այդ բավական էր Սառայի համար։

Նա միայն հարցրեց.

— Շա՞տ կուշանաս, Մուրադ։

— Աստված գիտե։ Կարելի է շատ...։

Իմ պատասխանը չվախեցրեց նրան և խորին զգացմունքով պատասխանեց նա.

— Ես քեզ կսպասեմ, ես քեզ չեմ մոռանա...։ Ես քեզ միշտ կսպասեմ... եթե մինչև տասն տարի, քսան տարի էլ հետ չգալու լինես, ես դարձյալ կսպասեմ քեզ։— Իսկ դո՞ւ։

Ես երդվեցա, ասելով.

— Եթե ես քեզ մոռանալու լինեմ, Սառա, թող աստված էլ ինձ մոռանա։ Ես միշտ քոնն եմ եղել և քեզ համար կմնամ մինչև այն օրը, երբ աստված կրկին կարժանացնե մեզ միմյանց տեսնելու։

Նա մոտեցրեց ինձ յուր երեսը, և մեր շրթունքը երկար չէին բաժանվում միմյանցից։ Հետո դրեց իմ գլխին յուր մատներով նախշած մի արախչին, տվեց մետաքսով բանված մի քսակ, որ նույնպես յուր ձեռագործն էր, և որը սովորաբար տալիս են հարսնացու աղջիկները իրանց ապագա ամուսիններին, երբ նրանք օտար աշխարհ են գնում իրանց բախտը փորձելու համար, որպեսզի նրանց աշխատանքն ու վաստակը արդյունավոր լինի։

— Ես ուրիշ բան չունեմ, Մուրադ,— ասաց նա խիստ զգայի կերպով.— դրանք քեզ մոտ հիշատակ եմ թողնում։

— Ապա ես ի՞նչ տամ քեզ հիշատակի համար։

— Քո սիրտը, այդ բավական է ինձ։

— Նա բոլորովին քեզ է պատկանում։

Աքաղաղները սկսեցին կանչել։ Գիշերի կեսից անցել էր արդեն։ Բայց Սառայենց տանը դեռ ոչ ոք չէր քնել։ Մայրս և քույրերս այնտեղ էին և Սառայի հոր հետ պատրաստում էին իմ ճանապարհի իրեղենները։ Նրանք գիտեին, որ Սառան ինձ մոտ է, բայց, հակառակ տեղային սովորության, ծնողական բարի ներողամտությամբ