Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/355

Այս էջը հաստատված է

այն մտքով էր, որ քավոր Պետրոսին ճանապարհ դնողները կամ նրա բարեկամները ինձ չտեսնեին։

Իմ փոքրիկ խուրջինը դրեցին ավանակի վրա, և մենք դուրս եկանք բակի դռնից։ Գիշերային խավարը սարսափելի էր։ Ամպամած երկնքի վրա ոչ մի աստղ չէր երևում։ Հանդարտ, առանց շշուկ բարձրացնելու մենք անցնում էինք դատարկ փողոցների միջով, աշխատելով չզարթեցնել դրացիներին։ Մայրս, քույրերս, Սառան և նրա հայրը երկար չբաժանվեցան ինձանից։ Նրանք եկան ինձ հետ, մինչև գյուղից դուրս եկանք և բավական հեռու գնացինք։ Վերջապես հասանք նշանակյալ տեղը, ուր քավոր Պետրոսը միայնակ կանգնած սպասում էր մեզ։ Ես երբեք չեմ մոռանա այն խոսքերը, որ բաժանման րոպեում մայրս արտասուքի հետ դուրս էր հղում.

— Հայրդ գնաց օտար աշխարհ և կորա՜վ, Մուրադ,— ասում էր նա ինձ յուր գրկում սեղմած ունենալով.— այժմ դու ես մնացել քո հոր օջախի մի՛ակ հույսը... մի՛ մոռացիր, թե որքան թշվառություններ կրեցինք մենք... մի՛ մոռացիր, որ դու անբախտ մայր ունես և որբ մնացած քույրեր...։ Մեր ամենի հույսը քեզ վրա է դրված, Մուրադ, աշխատիր, որ մեզ խղճության մեջ չթողնես...։

Հետո նա հանձնեց ինձ իմ մենտորին, ասելով.

— Որդուս քեզ եմ հանձնում, քավոր Պետրոս, նա հայր չունի, դու նրա վրա միշտ հայրական խնամք ես ունեցել։ Քո բարի խրատներով ուղղիր նրան, որ լավ մարդ դառնա, որ լավ անվան տեր լինի...։

Քավոր Պետրոսը խոստացավ յուր աչքի լույսի պես կպահե, կպահպանե ինձ և այնպիսի մարդ կդարձնե ինձ, որ ամեն մի տեսնող երանի կտա իմ հորն ու մորը, որ ինձ նման խելացի և շնորհալի զավակ ունեն։

Բաժանման րոպեն հասավ։ Ես մոտեցա համբուրեցի Սառայի հոր աջը։ Նա ևս յուր կողմից շատ խրատներ տվեց ինձ և շատ բաներ ասաց։ Ես բոլորը մոռացա, միայն մի խոսք հիշում եմ մինչև այսօր, երբ նա յուր դստեր ձեռքը տալով իմ ձեռքի մեջ ասաց.

— Չմոռանաս դրան, Մուրադ, դրա սերը պետք է առաջնորդե քեզ հառաջադիմության ճանապարհի վրա. դրա սերը պետք է վառե քո եռանդը,— պետք է ուժ և զորություն տա քեզ արիությամբ անցնելու այն բոլոր խոչընդոտները, որ պիտի հանդիպեն քեզ քո պանդխտության մեջ...։

Մայրս կրկին և կրկին անգամ համբուրեց ինձ։ Քույրերս սկսեցին լաց լինել, երբ տեսան մայրը լաց էր լինում, ես նույնպես