Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/356

Այս էջը հաստատված է

պահել իմ արտասուքը։ Համբուրեցի քույրերիս, համբրուրեցի Սառային…։ Մենք բաժանվեցանք։ Նրանք երկար կանգնած նայում էին մեր ետևից, բայց գիշերային խավարը թույլ չէր տալիս միմյանց տեսնել...։

Դ

ԿԵՂԾ ՀԱՋԻՆ

Քավոր Պետրոսը մոտ հիսուն տարեկան մարդ էր, բավական համակրական դեմքով։ Խորշոմը նրա լայն ճակատի վրա խորին ծալքերով իջել էր մինչև թավամազ հոնքերը որ կիսով չափ ծածկում էին նրա սև և կրակոտ աչքերը։ Թխագույնդ արևելյան երեսը յուր խոշոր, բայց կանոնավոր գծագրությամբ, միշտ պատկառանք էր ազգում նայողի վրա։ Գլխի երկայն մազերը ալեխառն խտությամբ թափվում էին մինչև նրա ուսերը, այդ տալիս էր նրա դեմքին ավելի մի խստակյաց դերվիշի կերպարանք, որ յուր սրտի խաղաղությունը գտնում է միայն մշտական աղոթքի և ճգնությունների մեջ։ Սպիտակ մորուքը խիստ փառավոր էր, հովանավորում էր նրա ամբողջ կուրծքը։ Միջակ հասակ ուներ, բայց սաստիկ ամուր կազմվածքով։ Նրա շարժմունքը արտահայտում էր երիտասարդական առույգություն, թեև ինքը աշխատում էր միշտ թույլ և տկար ձևանալ։ Ձայնր զորավոր էր և ազդու, բայց նա դիտմամբ միշտ խեղդում էր յուր ձայնը։

Մենք երկուսս էլ գնում էինք ոտով. մեր ճանապարհի ծանրությունները տանում էին երկու ուժեղ ավանակներ, որոնցից մեկը ինձ էր պատկանում, իսկ մյուսը՝ նրան։ Քավոր Պետրոսը գլուխը խոնարհեցրած, դանդաղ քայլերով գնում էր ինձանից առաջ։ Նա բոլորովին լուռ էր. երևում էր, որ դառն մտածություններ տանջում էին նրան։ Շատ անգամ այդ ողորմելին ոտքը դուրս էր դրել հայրենական երկրից, իսկ այժմ ուղիղ տասներորդ անգամն էր, որ յուր ծերության հասակում կրկին ձեռքն էր առել պանդխտության գավազանը։

Ես նույնպես տխուր էի. ծնողներից, սիրելի բարեկամներից անջատվելը ինձ մեծ ցավ էր ազդում։ Արդյոք մյուս անգամ կտեսնեի՞ նրանց,— և ե՞րբ...։ Ուրախ էր միայն իմ մոխրագույն ավանակը․ ճանապարհի եզերքից խոտեր արածելով, նա առաջ էր վազում,