Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/358

Այս էջը հաստատված է

գյուղի հարուստներից մեկը պետք է լիներ։ Իսկույն բուխարին վառեցին, մենք տաքացանք և չորացրինք մեր թրջված հագուստները։ Հայտնվեցավ և տան տերը, խորին կերպով ողջունեց մեզ, որպես մահմեդականը ողջունում է մահմեդականին, և նստեց քավոր Պետրոսի մոտ։ Հետո տղային քաղաքավարական ձևերով հայտնեց յուր ուրախությունը, որ մենք «բարով ենք եկել, հազար բարով, յուր տունը-տեղը մեզ փիշքեշ է (նվիրված է) և յուր որդիքը մեր ծառաներն են» և այլն։

Վերջացնելով յուր փոքրիկ ճառը, նա դարձավ դեպի քավոր Պետրոսը, ասաց.

— Ամոթ չլինի հարցնելը, ի՞նչպես է ձեր անունը։

— Ձեր ծառա Հաջի-Ռահիմ,— պատասխանեց քավոր Պետրոսը։

Տեսնելով, որ յուր հյուրը հաջի է և ոչ հասարակ մահմեդական, տան տիրոջ հարգանքը ավելի ևս բազմացավ դեպի քավոր Պետրոսը։ Բայց ծիծաղը ինձ խեղդում էր. ես չգիտեի, թե ինչո՞վ կվերջանա այդ խայտառակությունը։ Իսկ քավոր Պետրոսը իրան այնքան ծանր էր պահում, որ չէր կարելի չհարգել նրան։ Ես ոչինչ չէի խոսում, որովհետև ինձ պատվիրված էր խուլ ու մունջ ձևանալ։ Տան տերը նկատելով իմ լռությունը, հարցրեց քավոր Պետրոսից․

— Դա ձեր ի՞նչն է։

— Ձեր փոքրիկ ստրուկը,— իմ որդին է։

— Աստված պահե, զորանա,— ասաց տան տերը, հետո դարձավ դեպի ինձ, հարցնելով.

— Դու երևի մրսեցա՞ր անձրևից, դեմքդ խիստ գունատ է երևում։

Ես ոչինչ չպատասխանեցի։ Քավոր Պետրոսը իմ փոխարեն ասաց.

— Նա խուլ ու մունջ է. ոչինչ չէ լսում։

— Խե՜ղճ տղա, աստված ողորմություն անե,— բացականչեց տան տերը ցավակցական եղանակով և ապա հարցրեց.

— Մորից այդպե՞ս է ծնված, թե հետո է պատահել։

— Մորից այդպես չէ ծնված, առաջ նա սոխակի լեզու ուներ, լսում էր, խոսում էր, ինչպես մենք խոսում ենք։ Ուղիղ երկու տարի է, ինչ որ պատահել է այդ անբախտությունը։ Թող աստված հեռու պահե քո զավակներից։ Իմ մեղքերի համար աստված պատժեց ինձ...։