Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/360

Այս էջը հաստատված է

հավատքին հավատարիմ մարդիկ խիստ հարգելի են մահմեդականների մեջ։ Այդ հարգանքի արտահայտությունը ավելի նկատելի էր ընթրիքի ճոխության մեջ։ Բացի զանազան ուտելիքներից, մեզ համար պատրաստել էին և փլավ։

Երբ սեղանը պատրաստ էր, քավոր Պետրոսը հարցրեց տան տերից, թե յուր կյանքում սուրբ տեղերից ո՞րին ուխտ է գնացել։ Երբ պատասխանը ստացավ, թե ոչ մեկին,— նա հրաժարվեցավ սեղանից, ասելով.

— Քո հացը հարամ (անսուրբ) է, ես ուտել չեմ կարող։ Դու մեղանչէլ ես շարիաթի դեմ։

Տան տերը սաստիկ ամաչեց, սկսեց աղաչել, որ յուր սեղանը չանպատվե, խոստացավ, որ գարունքին անպատճառ կգնա Բաղդադ իմամների գերեզմանները համբուրելու և Բարբալայի ուխտը կատարելու։ Պատմեց, թե որպիսի արգելքներ մինչև այնօր զրկել էին նրան սուրբ տեղերի ուխտագնացությունից։

Քավոր Պետրոսը փոքր-ինշ հանգստացավ, ասելով.

— Ամեն մի ուղղափառ մուսուլմանի պարտականությունն է, երբ նրա նյութական միջոցները այնքան ներում են, որ կարող է հոգալ ճանապարհի ծախքը, պետք է անպատճառ կատարել սուրը տեղերի ուխտագնացության խորհուրդը։

Այնուհետև սկսեց երկար բացատրել, թե որպիսի հոգևոր վարձատրություններ են սպասում Բարբալայի, Մեշեդիի և մանավանդ Մեքքայի ուխտավորներին,— պատմեց, թե որքան հյուրիներ (հրեղեն աղջիկներ) պիտի ստանան նրանք Մուհամմեդի դրախսրում, և վերջացրեց յուր խոսքերը նրանով, թե «անհավատ քրիստոնյաները զրկվում են այդ բոլոր երկնային երանություններից»...։

Վերջին խոսքերը ինձ վրա այնպիսի վատ ներգործություն ունեցան, որ ուզում էի փակված լեզուս բաց անել և հայտնել, թե դա ինքը քրիստոնյա է, բայց խաբեությամբ իրան մահմեդական է ձևացնում։ Բայց վախեցա, մտածելով, թե որպիսի վտանգի կարող էինք ենթարկվել երկուսս էլ։

Քավոր Պետրոսը մեծ ախորժակով ուտում էր։ Ես սկզբում սեղանին չմոտեցա, ոչ այն պատճառով, որ տան տերը սուրբ տեղերը ուխտ չէր գնացել և ես նրա հացը հարամ էի համարում, ոչ,— այլ այն, որ պաս էր, ես երբեք պասս չէի լուծել։ Կրոնի և եկեղեցու պատվերները ամենայն մաքրությամբ դեռ պահպանվում էին իմ մեջ։ Բայց քավոր Պետրոսը իմ վարմունքը նկատելով, ինձ այնպես