Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/377

Այս էջը հաստատված է

տխուր դեմքի վրա, որը ամենայն ջանքով աշխատում էր թաքցնել: Դա կուսակրոնի սովորական վրդովմունքն է, երբ հանդիպում է կնոջ: Բայց ի՞նչով բացատրել այդ։

— Ձեր սրբազնությունը երևի շատ հեռվից է գալիս, — տան տիրուհին սկսեց խոսակցությունը։

Աբեղան դարձավ դեպի գանգրահեր սարկավագը, որ կանգնած էր նրա մոտ։ Թարգմանը պատասխանեց.

— Այո՛, հեռվից, շա՜տ հեռվից։ Ամբողջ իրեք ամիս ճանապարհ ենք անցել, մինչև հասել ենք այստեղ։

Այդ միջոցին ֆրակով և սպիտակ ձեռնոցներով ներս մտան երկու սպասավորներ և արծաթյա մատուցարանների վրա տվեցին թեյ։

Աբեղան հրաժարվեցավ ընդունելուց, ասելով, որ սուրբ տաճարի սպասավորները իրանց հեռու են պահում անուշ ըմպելիքներից։ Տան տիկինը երկար աշխատում էր բացատրել, համոզել նրան, թե դա հասարակ թեյ է, ուրիշ ըմպելիք չէ, թե դրան գործ են ածում իրանց երկրում մինչև անգամ էգզարխները։

Չկամենալով վշտացնել տան տիկնոջ բարեսրտությունը, աբեղան ընդունեց մի բաժակ և սկսեց առանց շաքարի խմել։ Երկու քահանաները հետևեցին նրա օրինակին և հակառակ իրանց սովորության, սկսեցին իրանք էլ կծովի խմել։

Տիկինը հետաքրքրվեցավ գիտենալ, թե ի՞նչ նպատակով է ճանապարհորդում «նորին սրբազնությունը»։ (Տիկինը միշտ նրան «սրբազնություն» էր կոչում, թեև հարգելի հյուրը եպիսկոպոս չէր, այլ Երուսաղեմի վանքի հունաց միաբանության աբեղաներից էր)։

Աբեղան համառոտ կերպով հայտնեց յուր ո՛վ լինելը կամ ի՞նչ միաբանության կողմից իբրև Երուսաղեմի նվիրակ ուղարկված լինելը,—հայտնեց յուր ճանապարհորդության նպատակը։ Այնուհետև խիստ ցավալի կերպով սկսեց նկարագրել «սուրբ տաճարի» թշվառ դրությունը,— նկարագրեց փրկչի սուրբ գերեզմանի հալածանքը մահմեդականներից, — նկարագրեց միաբանների կրած նեղությունները թուրքերից, նրանց աղքատությունը և ողորմելի վիճակը։ նրա ամբողջ պատմությունը այնքան ազդու և ցավակցական էր, որ տան տիրուհին լսելու ժամանակ անդադար խաչակնքում էր յուր երեսը, վերջը նա այլևս դիմանալ չկարողացավ, թաշկինակը տարավ աչքերին, սկսեց դառն կերպով հեկեկալ։

Աբեղան նկատելով այդ, մխիթարեց նրան՝ ասելով.

— Սուրբ տաճարի բոլոր թշվառություններին դարման կտրվի