Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/381

Այս էջը հաստատված է

տերը պատվիրեց պահոց մի քանի տեսակ կերակուրներ, որոնք աբեղային բավական տհաճություն պատճառեցին, թեև նա այդ մասին քաղաքավարությամբ լռեց։

Ընթրիքը վերջացավ ավելի զվարճությամբ, քան թե սպասվում էր։ Հայր սուրբը շատ նոր և հետաքրքիր բաներ պատմեց Երուսաղեմի վանքի մասին, աբեղաների խիստ ու աշխարհազուրկ կենցաղավարության մասին, ուխտավորների տոնական հանդիսակատարությունների մասին և այն հրաշքի մասին, թե ո՛րպես սուրբ հարության զատկի օրը երկնքից լույս է իջնում փրկչի գերեզմանի վրա և սուրբ տաճարի բոլոր ջահերը, բոլոր մոմերը միանգամից վառվում են:

Նրա պատմությունները լցնում էին լսողների սրտերը կրոնական ջերմեռանդությամբ, վառում էին նրանց հավատքը և մի առանձին հոգեզմայլությամբ նրանց սրտերը ձգում էին դեպի այն հեռավոր բիբլիական աշխարհը, ուր ծնվել էին աստծո մարգարեները, ուր տիեզերքի փրկիչը կատարել էր նոր ուխտի աստվածային պատգամները։

Ընթրիքից հետո, որովհետև հայր սուրբը հոգնած էր, իսկույն սկսեցին մտածել նրա հանգստության համար։ Բարեպաշտ տան տիկինը ինքն անձամբ առանձին խնամք էր տանում նրա անկողնի պատրաստության մասին։ Այդ զանազան վարագույրներով, բազմաթիվ մեծ և փոքրիկ բարձիկներով, տեսակ-տեսակ վերմակներով և դոշակներով կազմված փափուկ, փետրային անկողինը, կարծես թե պատրաստված լիներ Մորփեոսի ձեռքով։ Եվ որպեսզի նույն անախորժությունները տեղի չունենային, ինչ որ եղավ ընթրիքի ժամանակ կերակուրների վերաբերմամբ, տիկինը կանչեց քնարանում գանգրահեր սարկավագին, տեղեկանալու համար նրա հայր սուրբի քնելու սովորությունների մասին։

— Այդ ի՞նչ է, հարգելի տիկին,— բացականչեց գանգրահեր երիտասարդը զարմանալով. — դուք, երևի, մտածել եք իմ հայր սուրբին մեղքի մեջ ձգել, ավելի շուտով նա հանձն կառնի պառկել Սադայելի գրկում, քան թե այս փառավոր անկողնու մեջ:

Տիկինը վիրավորվեցավ երիտասարդի երկմտանի նկատողությունից։ Երիտասարդը շուտով ուղղեց յուր սխալը, ավելացնելով.

— Երուսաղեմի խստակյաց աբեղաները մեղք կհամարեն այս տեսակ փառավոր անկողինների մեջ քնելը։ Իմ հայր սուրբը ունի իր առանձին անկողինը, որ միշտ յուր հետ է ման ածում, նրա մեջ կպառկի։