Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/39

Այս էջը հաստատված է

Ճանճուր Իվանիչին, որովհետև վեշերն ու բալը մտցնել նրա խաղաղ և չափավոր ընտանեկան կյանքի մեջ՝ միևնույն էր, եթե մինն այնտեղ հրավիրեր ժանտախտ կամ խոլերա։

Միայն Ճանճուր Իվանիչը կամենալով հեռացնել յուր կնոջը, որի ներկայությունն այնքան անտանելի էր թվում իրան, ասաց մի փոքր մեղմությամբ․

- Ա′յ կնիկ, քու հորն օղորմի, ես էդ թավուր բաների գլուխ չունիմ. ի սեր աստուծո, իմ տունս մի′ քանդի․ ես վեչեր, բալ չիմ գիտի։

- Հիմի դուն ինձ ի՞նչ պատասխան իս տալի,- վրդովվելով հարցրեց կինը։

- Գնա′, խաթրջամ կաց, ես առուտեհան Սոֆիի համա բազազխանից հագնելու կտուրնիր կու առնիմ ու էս կիրակի էլ կեհամ յարմուկա մե քանի հատ ստոլ, մե քանի հատ էլ սկամի․ կու առնիմ, հալիլա խոմ ունինք, ղորդ է, կոտրած է, ի՞նչ վնաս, շինիլ կու տամ։ Մագրամա, էն վուր ասում ես վերի ատեժումը կենանք, էդ իմ խելքի բան չէ, թե Քրիստոս ինքն ասե, էլի ղաբուլ չիմ անի։

Լսելով այդ խոսքերը, տիկին Բարբարեի դժգոհությունը չափից անցավ։ Եվ նա ասաց գլուխն արհամարհական կերպով շարժելով․

- Պրծավ գնա՜ց... Սոֆիի աչքը լուս…։ Ա'յ մարդ, էս ժուկումս վո՞ւր աբռազովաննի աղջիկը բազազխանի ճոթերին լայեղ կոնե, ու էնենց էլ վո՞ւր յարմուկի ստոլ, սկամի հավան կու կենա։

- Էն վուր դուն իս ուզում, մաշ ես պիտի երգնքեմեն դվեր բերիմ. էդ է էլի՜,- պատասխանեց Ճանճուր Իվանիչը՝ յուր վայրենի աչքերը լայն բանալով կնոջ վրա։

- Է՜հ, դու մարաքա իս սարքում, ես քու գլուխը չունիմ։

- Մաշ ի՞նչ ասիմ, վուր քեզ դուր գա. Րիչարի ու Բլոտի մաղազեքը ամենը առնիմ, ինձմեն շնորհակալ կուլիս, վո՞ւնց չէ։

Տիկին Բարբարեն ոչինչ չպատասխանեց, որովհետև նա վաղուց գիտեր յուր ամուսնու խստասրտությունը, միայն մտածեց որևիցե կերպով համոզել, որ նա գոնյա կատարեր յուր դստեր մի քանի պահանջմունքները։

- Փորտոպիանի համար ի՞նչ իս ասում,- հարցրեց նա։

- Էդ ի՞նչ զարհումար է,- երեսը խոժոռելով հարցրեց Ճանճուր Իվանիչը, առաջին անգամ լսելով մի այդպիսի օտարոտի բառ։

- Էն վուր ածում ին,- պատասխանեց կինը, որովհետև ինքը նույնպես ստույգ չգիտեր, թե ի՞նչ բան է պիանոն։

- Էդ էլ ֆրանցուզի ճիանուր կուլի,- կրկնեց ծիծաղելով Ճանճուր Իվանիչը։