Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/392

Այս էջը հաստատված է

— Երբ խաչագողը անհայտանում է, նրա հետևից այլևս չեն ընկնում, — պատասխանեց նա, դարձյալ յուր ծիծաղը շարունակելով։

— Ինչո՞ւ։

— Նրա համար, որ անկարելի է գտնել։

— Ես այդ անպիտանին հենց այս գիշեր կարող եմ բռնել։

— Չես կարող։ Եթե նա իմ աշակերտն է, ես լավ եմ ճանաչում, թե ի՜նչ պտուղ է․․․։

Աբիսինիացին քավոր Պետրոսի ամենաընդունակ աշակերտներից մեկն էր։ Նրա իսկական անունը Մաթոս էր, բայց չափազանց խորամանկության համար կոչում էին «շեյթան Մաթոս», որ նշանակում էր սատանա Մաթոս։ Ես հարցրի քավոր Պետրոսից․

— Դուք ասում եք, թե վաղուց սպասում էիք մի այսպիսի վարմունք նրա կողմից։ Երբ այսպիսի կասկած ունեիք նրա վրա, ինչո՞ւ չէիք հեռացնում ձեզանից։

— Երբ խաչագողը կասկած ունի յուր ընկերի վրա, այդ դեպքում ոչ նրանից բաժանվում է և ոչ հեռացնում է իրանից։

— Ապա ի՞նչ է անում։

— Սպանում է...։

Վերջին խոսքը ակամա թռավ քավոր Պետրոսի բերանից։

— Սպանո՞ւմ է.․․,— կրկնեցի ես հետաքրքրությամբ։

— Ուրիշ ճար չկա։ Եթե կասկածավորին կենդանի հեոացնե, այնուհետև պետք է զանազան չարիքներ սպասե նրա կողմից։ Նա կարող է դավաճանել, կարող է մատնել, մի խոսքով, շատ վնասներ կարող է տալ, որովհետև յուր ընկերի գաղտնիքների մասին շատ տեղեկություններ ունի։

— Որպես աբիսինիացին մեր գաղտնիքների մասին․․․։

— Այո։

— Ուրեմն ինչո՞ւ չսպանեցիք նրան։

— Խոստովանվում եմ, որ այդ դեպքում ես սաստիկ ծույլ գտնվեցա։ Միշտ այսօր էգուց ասելով, գործը այնքան հետաձգեցի, մինչև նա ավելի ճարպիկ գտնվեցավ․.․։

— Այո, ճարպիկ գտնվեցավ. բացի հիսուն հազար ռուբլի հափշտակելը, տարավ յուր հետ մեր գաղտնիքների մեծ մասը։ Այսուհետև նա ամեն տեսակ խաղ կարող է խաղալ մեզ հետ։

— Կարող է․․․, — ասաց քավոր Պետրոսը, — մանավանդ երբ կմտածե, որ մենք նրան հանգիստ չենք թողնի․․․։