Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/393

Այս էջը հաստատված է

Այդ ժամանակ միայն ես նկատեցի քավոր Պետրոսի դեմքի վրա վրդովմունքի նշաններ։ Նա առ ոչինչ էր համարում հիսուն հազար ռուբլու հափշտակությունը։ Փողի կորուստը նրան չէր կարող խռովություն պատճաոել. փող նա միշտ կարող էր գտնել։ Բայց նրան վրդովեցնում էր յուր խաբված դրությունը։ Նա սաստիկ վիրավորանք էր համարում, որ գտնվեցավ աշխարհում մի մարդ, որը կարողացավ խաբել քավոր Պետրոսին,— այդ խաբեության մեծ հանճարին...։

— Պետք է նրան «ներողամտության նշան» ցույց տալ, — ասաց քավոր Պետրոսը և վառեց երկու մոմ, դրեց լուսամուտի առջև ներսի կողմից։ Դրսում տիրում էր գիշերային խավարը։

— Ա՞յդ է «ներողամտության նշանը»։

— Այդ է։ Պետք է նրան միամտացնել, որ մենք ներում ենք, որ մենք այլևս չենք հալածի նրան։

Քավոր Պետրոսի վարմունքը ինձ բոլորովին ծիծաղելի երևաց։ Ես ասացի.

— Նա կորավ, գնաց և գուցե այժմ մի քանի հարյուր վերստ հեռացել է այս քաղաքից։ Նա ո՞րտեղից պետք է տեսնե այդ «ներողամտության նշանը»։

— Նա գուցե այս րոպեիս պտտվում է մեր հյուրանոցի շուրջը:

Ես խլեցի մի տապար, որ այնտեղ դրած էր, և դուրս վազեցի, գոչելով.

— Եթե այդպես է, ես հիմա նրա փոքրիկ գլուխը կջարդեմ։

Քավոր Պետրոսի զորեղ ձեռքերը բռնեցին ինձ։ Նա ասաց բավական հեգնական եղանակով.

— Ավելի լավ կանես, եթե նրա փոքրիկ գլխով ու փոքրիկ մարմնով չխաբվես։ Նա թեև պստիկ է, բայց ճստիկ է։ Նա վագրի սիրտ ունի և առյուծի ուժ։

Այդ խոսքերը սաստիկ վիրավորեցին իմ հպարտությունը, և ես փոքր-ինչ տաքացած կերպով պատասխանեցի.

— Դուք կարծում եք, որ ձեր «ներողամտության նշանը» կոգնե՞, և նա կհավատա՞, որ դուք այսուհետև չեք հալածի նրան և յուր անձը պաշտպանելու համար չի մատնի ձեզ։

— Օրինավոր խաչագողը պետք է այնքան ազնվություն ունենա, որ հավատա։ Այդ նշանը մեր մեջ ընդունված է որպես մի սուրբ պայման, որի դեմ հազիվ թե կմեղանչեր ամենաստոր խաչագողն անգամ ։