Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/394

Այս էջը հաստատված է

Գ

ԵՐԿՐՈՐԴ ՔԱՅԼ

ՍՊԱՆՈԻԹՅՈԻՆ

Քավոր Պետրոսը զարմանալի հոտառություն ուներ վտանգի ժամանակ։ Նա իսկույն հասկանում էր, երբ կարող էր պատահել որևիցե անհաջողություն։ Պառավին ըստ կարգին կողոպտելուց հետո, աբիսինիացու անցքից հետո, մի անգամ ասաց ինձ.

— Մուրադ, պետք է առժամանակ փոխել մեր մորթը...։

Ես հասկացա նրա միտքը։ Նա ասել էր ուզում, թե պետք է փոխել մեր կերպարանքը, մեր արհեստի ու պարապմունքի ձևը։ Ես շատ շուտ էի հասկանում նրա բոլոր փոխաբերական խոսքերը. օրինակ, երբ նա ասում էր՝ «երկինքը ամպամած է», ես գիտեի, որ դա նշանակում է, թե փոթորիկը մոտ է, սպառնում է վտանգ։ Այսպես մեր մեջ խոսքերի մեծ մասը պայմանավորված էին, ունեին առանձին միտք։

Պատրաստվեցանք փոխել մեր «մորթը»։

Նույն օրը թողեցինք մեր կեցած հյուրանոցը, գիշերով անցանք մի այլ հյուրանոց։ Այդ այն նպատակով էր, որ այստեղ մեր կերպարանափոխությունը ոչ ոք չնկատե, որովհետև առաջին հյուրանոցում բավական ճանաչված էինք։ Քավոր Պետրոսը կարճագրեց յուր փառահեղ սպիտակ մորուքը, որ ծածկում էր նրա ամբողջ կուրծքը, խուզել տվեց գլխի աբեղայական երկայն մազերը, հետո ներկեց սև գույնով և համարյա թե երիտասարդացավ։ Նրա դեմքը դեռ բավական թարմ էր մնացել, միայն մազերը վաղուց սպիտակել էին։ Նույնը հրամայեց անել և ինձ։ Իմ սև սաթի պես փայլուն մազերը ներկելու պետք չունեին, ես միայն կարճացրի, իսկ երեսիս մազերր դեռ այնքան չէին աճել, որ հարկավոր լիներ կտրել։ Մենք ձգեցինք մեր աբեղայական հագուստը, մի կողմ գրեցինք խաչն ու ավետարանը և ստացանք աղքատ, թափառաշրջիկ մանրավաճառների կերպարանք։ Անցանք մի այլ գավառ։ Այստեղ մեր ձիաները, ճանապարհորդական սայլակը և, ինչ որ ավելորդ ունեինք, բոլորը վաճառվեցան։ Մի քանի անհրաժեշտ իրեղեններ, որ կարող էին երբեմն մեզ պետք գալ, պահվեցան։ Ո՞ւմը պահ տվեց քավոր Պետրոսը, ես հասկանալ չկարողացա։

Հագանք ճանապարհորդական կոշիկներ, ծնկներից վեր բարձր