Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/400

Այս էջը հաստատված է

այնքան ուժեղ էր, որ ես հազիվ կարողանում էի զսպել նրան։ Իմ դրությունը նախանձելի չէր։ Մենք կորած էինք. եթե նա դուրս պրծներ իմ ձեռքից։ Ուրիշ ճար չկար, պետք էր այդ գազանին հանգստացնել։ Իմ ծանր տապարի մի հարվածը գլորեց նրա գլուխը մահճակալից ցած։ Տաք արյունը դուրս փլեց պարանոցից սիրուհու կուրծքի վրա...։

Դա եղեռնագործության ամենասարսափելին էր, որ ես կատարել եմ իմ կյանքում։ Գազանային անգթությունը այդ դեպքում անցնում է ամեն վայրենությունից։ Սպանե՜լ այն րոպեում, երբ երկու անմեղ արարածներ, իրանց հոգու բոլոր քնքշությամբ գրկախառնված, սիրում են միմյանց,— սպանե՛լ սերը,— դա սոսկալի չարագործություն է...։

Մինչ ես Կայենի նման կանգնած էի իմ զոհի մոտ, լսելի եղավ քավոր Պետրոսի ձայնը.

— Հեռանանք...։

Մյուս առավոտը քավոր Պետրոսը հանդարտ, հանգիստ տրամադրությամբ, ինձ յուր հետ առնելով, մտանք հասարակաց սեղանատունը նախաճաշիկ ուտելու։ Հյուրանոցի ամբողջ խոսակցությունը գիշերվա անցքի մասին էր։

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց քավոր Պետրոսը յուր մոտ նստած մի արհեստավորից, որ դատարկում էր թեյի յոթերորդ բաժակը։

— Էլ ի՞նչ պետք է լինի,— պատասխանեց արհեստավորը ցավակցաբար,— այս գիշեր անհայտ չարագործներ մտել են մի տուն, ծերունի տանտերերին, թէ՛ ամուսնին և թե կնոջը, երկուսին էլ խեղդել են, ծառայի գլուխը կտրել են, տանիցը ուրիշ բան չեն տարել, բացի զուտ փողերից։ Ասում են տասն հազարից ավելի կլինի։

— Անիծյալնե՜ր... այդ ի՞նչ անխղճություն է...,— պատասխանեց քավոր Պետրոսը նույնպես ցավակցաբար։— Ինչպե՞ս աստված չէ պատժում այս տեսակ չարագործներին... խեղդե՜լ ծերունի մարդկանց, դա որքա՜ն անգթություն է...։

Մենք մի քանի օր ևս բոլորովին անվրդով կերպով շարունակեցինք մեր առևտուրը, հետո թողեցինք այդ քաղաքը։ Ոչ ոք կասկած ունենալ չէր կարող խեղճ մանրավաճառի վրա, որը թութակից անգամ վախենում էր, որը մի քանի օր առաջ մտնելով նույն տունը, օրհնում էր, բարեմաղթություններ էր կարդում և երկար կյանք էր ցանկանում երկու ծերունիներին, որովհետև գնեցին նրանից բավական վաճառքներ ավելի թանկ գնով,— այո՛, ոչ ոք երևակայել անգամ