Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/402

Այս էջը հաստատված է

գոնե մտքիս չբերեցի իմ հայրենիքը և այն ազգը, որի արյունն էի կրում և որից կտրված էի։ Ես մի անգամ գոնե մտքիս չբերեցի մորս, քույրերիս և վերջապես Սառային...»

Ո՜րպիսի խոստմունքներով բաժանվեցա նրանցից, ո՜րքան մեծ ակնկալություններ ունեին նրանք իմ մասին։ Պարսկաստանի սահսանից անցնելու ժամանակ իմ սիրտը դեռ թարմ էր, որդիական զգացմունքը դեռ ոչ բոլորովին հանգել էր նրա մեջ։ Այն ժամանակ ես մտածեցի մորս վիճակի վրա և այդ պատճառով ծախած ավանակիս արծաթը ուղարկեցի նրան։ Իսկ այնուհետև ո՜րքան գումարներ անցան իմ ձեռքը, բայց մի անգամ գոնե չմտածեցի, թե աղքատության մեջ ապրող մայր ունեմ և որբ մնացած քույրեր ունեմ։ Զարմանալի՜ փոփոխություն։ Պանդխտությունը ինչպես քարացնում է մարդու սիրտը... ի՜նչպես կարծրացնում է բոլոր քնքուշ զգացմունքները։ «Աչքից հեռու, սրտից հեռու»,—ասում է հայկական առածը։ Դա կատարվել էր իմ հետ։

Այդ բոլոր մտածությունները զարթեցան իմ մեջ այն ժամանակ, երբ հանկարծ ստացա մորիցս մի նամակ։ Ամբողջ յոթ տարի օտարության մեջ ապրելով, այդ առաջին նամակն էր, որ ստանում էի մոռացված հայրենիքից։ նամակը հասավ ինձ մի խաչագողի ձեռքով, եկել էր Պարսկաստանից։ Նրա թվականից անցել էր ավելի քան մի տարի։ Դա համարվում է շատ նոր նամակներից մեկը, որ մեր դասակարգի պանդուխտները բախտ են ունենում ստանալու իրանց ընտանիքից։ Բոլոր ժամանակը նա մնացել էր նամակաբերի ծոցում, սպասելով, որ մի տեղում կհանդիպե ինձ և կհանձնե։

Կարծես դառն արտասուքներով գրված լիներ այդ ողբալի նամակը։ Նրա մեջ նկարագրված էր մորս և քույրերիս կրած նեղությունները ինձանից հետո. նկարագրված էր կառավարության սարվազների ու ֆերրաշների գործ դրած բարբարոսությունները, նկարագրված էր մեր ընտանիքի թշվառ գրությունը և իրանց կրած ցավերը իմ պանդխտության մասին և այլն։ Նամակը վերջանում էր այսպիսի խոսքերով. «Մուրադ, այդպես են վճարում զավակները փոխարենը այն կաթի, որով մայրը սնուցանում է որդուն...» Դու մոռացա՜ր, բոլորը մոռացա՜ր.․.։ Դու մոռացար դժբախտ մորդ և թշվառ քույրերիդ... Դու մոռացար Սառային, որ մինչև այսօր էլ սիրում է քեզ... որին դու ևս մի ժամանակ սիրում էիր․․․»։

Ո՜րքան ազդու է լինում մոր խոսքը։ Իմ բոլոր ապերախտությունները