Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/404

Այս էջը հաստատված է

այդ քաղաքում, սեղանավորը մեզ հրավիրում էր յուր տունը։ Նրա կինը, երեխաները, աղախինները, սպասավորները՝ բոլորը ճանաչում էին քավոր Պետրոսին, — և բոլորի համար քավոր Պետրոսը ուներ անուշ խոսքեր, զբաղեցնելու, ծիծաղեցնելու և գրավելու համար։

Նրանք սիրում էին լսել քավոր Պետրոսի ճանապարհորդությունների պատմությունը։ Այդ «թափառական հրեան» համարյա ամեն երկրում եղել էր և ամեն երկրի մասին կարող էր պատմել նրանց շատ հետաքրքիր տեղեկություններ։ Թեև երբեմն նա առասպելներ էր պատմում, այսուամենայնիվ, մեծ ուշադրությամբ լսում էին։ Օրինակ, մի անգամ ասում էր, թե Հնդկաստանում մի կղզի կա, որտեղ ոսկին ծնեբեկի նման գետնից բուսնում է, աճում է և ճյուղեր է արձակում։

— Այդ լա՜վ է, — ասաց սեղանավորը զարմանալով․ — կարելի է գնալ այնտեղ և քաղել մի ամբողջ ոսկու հունձք։

— Եթե հեշտ լիներ, ամեն մարդ կգնար, — պատասխանեց քավոր Պետրոսը ժպտալով։

— Ի՞նչ դժվարություն կա։

— Շատ դժվարություններ։ Կղզին կախարդված է։ Նավերը հազիվ կարող են մոտենալ նրա եզերքին։ Հենց որ մոտեցան, սոսկալի ալեկոծությունը կտանե նրանց դեպի օվկիանոսի հատակը։ Պատահել է, որ մարդիկ ալեկոծությունից ևս ազատվելով, դուրս են եկել նրա ցամաքի վրա։ Բայց այդ մարդիկ այլևս չեն վերադարձել, նրանք կերպարանափոխվել են, կապիկներ են դարձել և մնացել են այնտեղ։

— Ուրեմն ո՞չինչ հնար չկա այնտեղ գնալու։

— Ի՞նչպես չկա. միայն պետք է գտնել կախարդված կղզու թիլիսմանը։ Հազարավոր բրամիններ քննում են գրքերը, աշխատում են լուծելու թիլիսմանը, բայց դեռ ոչինչ հետևանքի չեն հասել։ Անգլիայից միլիոններ կտային, եթե մեկը գտնելու լիներ անմատչելի կղզու կախարդական բանալին։

Հետո պատմում էր նա, թե մի այլ կղղում (դարձյալ Հնդկաստանում) գտնվում են այնպիսի հսկա մրջիմներ, որ մարդիկ նրանց մեջքի վրա թամք են դնում, նրանց բերանը սանձ են դնում և ձիու նման նստում են նրանց վրա, ուր որ կամենում են, դնում են։ Եվ քավոր Պետրոսը խիստ ծիծաղելի կերպով նկարագրում էր յուր մի հետաքրքիր ճանապարհորդությունը մրջիմի մեջքի վրա նստած։ Զարմանալին այն էր, որ նրան լսողները այնքան փոքր տեղեկություններ