Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/406

Այս էջը հաստատված է

Չնայելով այդ համեստությանը, Արկադիյ Ֆադեիչը աշխատում է ապացուցանել, որ Պյոտր Աբրամիչը բարի մարդ է։

Ամեն անգամ, երկար թափառումներից հետո, երբ հայտնվում էինք սեղանավորի մոտ, նրա սովորական հարցմունքն այդ էր լինում .

— Լա՞վ վաստակ ունեցար, Պյոտր Աբրամիչ։

— Վա՜տ են գնում գործերը, շատ վատ, Արկադիյ Ֆադեիչ։

— Ինչո՞ւ։

— Բոլորը մեր մեղքերից։

Սեղանավորը ծիծաղում է։

— Դուք ծիծաղում եք, Արկադիյ Ֆադեիչ։ Բայց տեսեք, ինչպես վատացել են ժամանակները․ առանց երդվելու, առանց սուտ խոսելու չես կարող առևտուր անել... Բայց այդ մե՜ղք է, Արկադիյ Ֆադեիչ, շա՜տ մեղք է...։ Համարյա մարդ յուր հոգին է ծախում...։

— Բայց շա՞հ, այսուամենայնիվ, լինում է։

— Ի՞նչ շահ... այսպիսի շահը Հուդայի արծաթն է, որ ստացավ և մատնեց մեր տեր Հիսուս Քրիստոսին։ Այսպիսի շահը սատանան կտանե․․․։

Չնայելով հայտնած դժգոհությանը վատ ժամանակների և յուր առևտրական անհաջողության մասին, քավոր Պետրոսը դարձյալ համբարում է սեղանավորի առջև մի քանի հազարներ։

— Այս անգամ, երևի, սատանան չէ դիպել քո փողերին, Պյոտր Աբրամիչ։

— Քրտինքով է աշխատած, դա՜ռն քրտինքով, Արկադիյ Ֆադեիչ։— Արդար աշխատանքը Հիսուս Քրիստոսը կպահպանե, — պատասխանում է քավոր Պետրոսը և սկսում է ջերմեռանդությամբ խաչակնքել յուր երեսը։

Սեղանավորը երբեմն սիրում էր քավոր Պետրոսի հետ հանաքներ անել և զվարճանալ նրա պարզամտության վրա։

Բայց ինձ զարմացնում էր քավոր Պետրոսի հավատարմությունը, որ ուներ դեպի սեղանավորը։ Այդ մարդը որի համար ոչինչ սուրբ բան չկար, վարվում էր նրա հետ ամենայն ճշմարտությամբ։ Ես կարծում էի, թե դա մի խորամանկ նախապատրաստություն է, սեղանավորին մեր ծուղակի մեջ գցելու համար, որի հարստությունը միլիոնների էր հասնում։ Մի անգամ հարցրի քավոր Պետրոսից.

— Սեղանավորի «հոգվոցը» ե՞րբ պիտի կարդանք։ Ուզում էի հասկացնել, թե ե՞րբ պետք է կողոպտենք նրան։

Նա պատասխանեց.