Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/407

Այս էջը հաստատված է

— Եթե ամեն աղբյուրները պղտորելու լինես, գոնե մեկը պետք է մաքուր թողնես, որ ինքդ խմես։

Ես տեսնում էի, որ քավոր Պետրոսը այս դեպքում ևս չէ շեղվում յուր հիմնական կանոնից. «ամեն ինչ ծառայեցնել յուր օգտի համար»...։

Խաչագողին ևս պետք է մի հավատարիմ մարդ ունենալ։ Դուք չգիտեք խաչագողի վիճակը։ Նա թափառում է երկրե-երկիր զանազան կերպարանքներով, զանազան անուններով, որոնց ոչ մեկը յուր իսկական անունը չէ։ Հանկարծ նա մեռավ, նրա ունեցածն էլ յուր հետ կմեռնի։ Որովհետև նա հայտնի է միայն կեղծ անունով, իսկ այդ կեղծ անունը կրողի ժառանգները գտնել անհնարին բան է։ Կիրակոսի թողած կայքը չեն տալ Մարկոսի ժառանգներին, թեև մեռնողը իսկապես Մարկոս լիներ, և կեղծ անունով միայն իրան կոչելիս լիներ Կիրակոս։ Մի կենտրոն պետք է, որ խաչագողը հայտնի լինի յուր իսկական անունով և հավաքե այնտեղ յուր ունեցածը, որպեսզի եթե մահ պատահելու լինի, հասցնեն նրա ընտանիքին։ Ահա այդ էր քավոր Պետրոսի հարաբերությունների պատճառը սեղանավորի հետ։ Նրա մոտ հավաքում էր քավոր Պետրոսը մեր բոլոր վաստակած փողերը։ Եթե մեզ մի բան պատահելու լիներ, սեղանավորը գիտեր, թե փողերը ումն են պատկանում։ Մենք հայտնի էինք նրան մեր իսկական անուններով, և հանձնած գումարների համար ստացական էինք առնում նույն անուններով։

Քավոր Պետրոսը հայտնի էր անունովս — պարսկաստանցի, այս ինչ գավառից, այս ինչ գյուղից, վաճառական Պյոտր Աբրամիչ Աղախանով։ Հայտնի էի և ես իմ անունով, տոհմանունով և տեղի անունով։

Այդ ձևը ուներ և այն հարմարությունը, որ դիցուք թե մեզ մահ չպատահեց, այլ մի տեղ կալանավորեցին մեզ։ Այսպիսի դեպքերում չէին կարող մեր կայքը գրավել, որովհետև մեզ կգտնեին մի որևիցե կեղծ անվան տակ, իսկ մեր կայքը մեր սեփական անունով կլիներ բոլորովին ուրիշ ձեռքում։ Ես այժմ հասկանում էի այն զանազան անցագրերի անհրաժեշտությունը, որ քավոր Պետրոսը Պարսկաստանից դուրս գալու ժամանակ առեց յուր հետ և միշտ նորոգել էր տալիս, որ ժամանակները չկորցնեն։

Հանձնելով մեր այս անգամվա բերած փողերը սեղանավորին, վերադարձանք դեպի մեր իջևանը։ ճանապարհին քավոր Պետրոսի ուշադրությունը գրավեց մի օտարոտի մուրացկան, որր փողոցում