Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/408

Այս էջը հաստատված է

կանգնած էր մի լուսամուտի հանդեպ և խղճալի ձայնով ողորմություն էր խնդրում։ Լուսամուտի հանդեպ նստած տիկինը ձգեց նրան մի քանի գրոշներ և փակեց լուսամուտը։ Մուրացկանը սկսեց որոնել, թե՛ որտեղ ընկան գրոշները։

— Նայի՛ր, Մուրադ,— ասաց ինձ քավոր Պետրոսը,— կարո՞ղ ես ճանաչել, թե դա ինչ մարդ է։

Ես նայեցի։ Մուրացկանը հագած ուներ պատառոտած սև փարաջա. մեջքը սեղմված էր գունավոր լայն գոտիով, գլխին դրած ուներ մի ջարդված և հնությունից իսկական գույնը կորցրած հոգևորականի ցած շլյապա (երևի մեկը ընծայել էր նրան) և ձեռքին կրում էր երկայն գավազան, հասարակ ոսկրյա գլխիկով։

— Խաչագող է,— պատասխանեցի ես։

— Ոչ,— ասաց քավոր Պետրոսը։— Քահանա է և հայ քահանա։

Ես չհավատացի։ Մոտեցա մուրացկանին և հարցրի նրա ինչ մարդ լինելը։ Քավոր Պետրոսի նկատողությունը ուղիղ էր։ Նա հրավիրեց թշվառ քահանային մեզ մոտ։ Քահանայի ուրախությանը չափ չկար, երբ հեռավոր օտարության մեջ հանդիպեց երկու հայերի։ Մենք նրան հյուրասիրեցինք թեյով և իսկույն մի բան տվեցինք ուտելու։ Ողորմելին այնպիսի ախորժակով կերավ, որ երևում էր մի քանի օր քաղցած էր մնացել։ Երբ նա փոքր-ինչ կազղուրվեցավ, քավոր Պետրոսը հարցրեց, թե ի՞նչ դեպքով այս կողմերն է անցել։

Նրա պատմությունից երևաց, որ ինքը սպահանցի է։ Նրա ժողովրդի մի մասը Կասպից ծովի հարավ-արևելյան եզերքի վրա մի փոքրիկ գաղթականություն է հիմնել։ Նոր գաղթականները մեծ դժվարությամբ կարողացան իրավունք ստանալ պարսից կառավարությունից, որ իրանց համար մի եկեղեցի շինեն։ Եկեղեցին հիմնեցին, սկսեցին կառուցանել, բայց ավարտել չկարողացան, որովհետև սաստիկ աղքատ էին, իրանց միջոցները չէին բավականացնում։ Շինվածքը մնաց թերի։ Քահանան իմացավ, որ շուտով խմբվելու է*** քաղաքի մեծ տոնավաճառը, ինքն ևս դիմեց այնտեղ. այն նպատակով, որ տոնավաճառի առիթով հավաքված հայ վաճառականներից եկեղեցու շինության անունով նվիրատվություններ հավաքե։

— Հաջողվեցա՞վ,— հարցրեց քավոր Պետրոսը, թույլ չտալով քահանային ավարտել յուր պատմությունը։

— Հաջողվեցավ։ Աստված օրհնե բարեպաշտ հայերի առատաձեռնությունը, նրանք այնքան նվիրեցին, որով ոչ միայն կարելի էր ավարտել եկեղեցու շինությունը, այլ բավական նշանավոր