Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/41

Այս էջը հաստատված է

գուշակեց, թե նրա դեսպանախոսությունը յուր ուզածների մասին՝ անհաջող ընդունելության է հանդիպել։ Բայց տեսնելով, որ մայրը ոչինչ չի հայտնում իրան, ինքը ևս չուզեց բան հարցնել։

Թե′ տիկին Բարբարեն և թե օրիորդ Սոֆին այն գիշեր խիստ անհանգիստ անցկացրին։

Առավոտյան Քիտեսը հայտնեց յուր տիկնոջը, թե աղան գիշերը հեռագիր է ստացել և այսօր պատրաստվում է գնալ Կավկա, կապալի գործի համար, և իրան հրամայել է, որ ճանապարհագիր հանեմ և սայլակ վարձեմ։

Այս հանկարծակի լուրն իսկույն փարատեց տխրության սև թախիծը, որ գիշերվանից սկսած կուտակվել էր տիկնոջ դեմքի վրա, և նրա գեղեցիկ աչքերը վառվեցան ուրախությամբ։ «Թո′ղ նա գնա, ես գիտեմ, թե ինչ կանեմ»… - ասաց նա յուր մտքում։

Միայն Ճանճուր Իվանիչը, առանց ոչինչ հայտնելու յուր ընտանիքին Կավկա գնալու մասին, վաղ առավոտյան տանից դուրս եկավ և գնաց փողոց։

Այնտեղ նա ամբողջ օրը հազիվ կարողացավ կարգադրել յուր գործերը։ Երեկոյան հարկավոր պատվերները տալով յուր գործակատարներին, նա վերադարձավ տուն, ուր ճանապարհորդական սայլակն սպասում էր դռանը։ Նա ուղղակի մտավ յուր սենյակը և իսկույն հրամայեց Քիտեսին՝ տեղավորել սայլակի վրա յուր ուղևորության հարկավոր պիտույքները, իսկ ինքն սկսավ քրքրել յուր թղթերը։

- Նա այս գիշե՞ր է կամենում գնալ,- հարցրեց Քիտեսից տիկին Բարբարեն։

- Հրամմել եք, աղջիկ պարոն,- պատասխանեց իմերելը։

Տիկին Բարբարեն թեև մի կողմից ուրախ էր յուր ամուսնու հեռանալու համար, բայց մյուս կողմից նրա սրտին տիրեց խիստ ցավեցուցիչ տհաճություն, երբ տեսավ, որ յուր ամուսինն օտար երկիր է դիմում՝ առանց յուր կնոջն ու ընտանիքին հայտնելու յուր գնալու պատճառի և նպատակի մասին։

Նա ասաց Գրիգոլին, որ գնա տեսնե, թե յուր հայրը ո՞ւր է գնում և ինչի′ համար։

Պատանի գիմնազիստը մտավ հոր սենյակը։

- Դեպի ո՞ւր եք պատրաստվում գնալու, հայրիկ,- հարցրեց նա։

- Ջհանդամը,- պատասխանեց Ճանճուր Իվանիչը խորին վրդովմունքով։