Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/410

Այս էջը հաստատված է

Նա կարդաց հայոց ժամագրքի ամբողջ «մեղան»։ Նրա մեջ բովանդակում է բոլոր մեղքերի խոստովանությունը, ինչ որ կարող է մտածել, հնարել և գործել միայն չարագործ մարդը և ոչ ուրիշ արարած։

Ես տեր հոր թելադրությամբ կրկնեցի մի քանի տուն նույն «մեղայից»։ Երբ նա, պահանջված աղոթքները կարդալուց հետո, մոտեցրեց իմ շրթունքին սուրբ հաղորդության նշխարը, իմ ամբողջ մարմնին տիրեց մի սոսկալի, հոգևոր սարսուռ։ Նույն ազդեցությունը ես նկատեցի և քավոր Պետրոսի դեմքի վրա։

Մենք չոքած տեղից վեր կացանք, երկուսս էլ համբուրեցինք տեր հոր աջը. նա օրհնեց մեզ և թողություն շնորհեց։

Հետո քավոր Պետրոսը տեր հորը յուր հետ առնելով, գնացին շուկան։ Իսկ ինձ տվեց մի տոմսակ և ուղարկեց Արկադիյ Ֆադեիչի մոտ։ Ես ստացա սեղանավորից 10000 ռուբլի և վերադարձա մեր իջևանը։ Նրանք դեռևս չէին եկել։ Ես մինչև ճաշ սպասեցի նրանց։

Երբ հայտնվեցան նրանք, ես հազիվ կարողացա ճանաչել քահանային։ Նրա հագուստը ոտքից գլուխ նորոգված էր, և տեր հայրը յուր կարգին վայելուչ կերպարանք էր ստացել։

Երբ մտան սենյակը, քավոր Պետրոսը նայեց նրա վրա, և մի առանձին բավականությամբ ասաց ինձ.

— Տեսնո՞ւմ ես, Մուրադ, տեր հայրը այժմ մի բանի նման է։ Այն ի՞նչ էր առաջ։ Ճշմարիտ ասած, իմ սիրտը կտրատվեցավ, երբ առաջին անգամ տեսա հայոց եկեղեցու քահանան, պատառոտած հագուստով, փողոցում մուրացկանություն է անում։ Այդ ամոթը, այդ նախատինքը մեզ բոլոր հայերիս է վերաբերում։ Ի՞նչ կարծիք կունենան մեր մասին օտարազգիները, եթե հասկանան, որ հայ քահանա է։

Փակագծի մեջ ասելով, պետք է խոստովանած, որ խաչագողները մի առանձին նախանձախնդրություն և պատկառանք ունեն դեպի հայոց եկեղեցին և եկեղեցականները։ Նրանք ամեն կրոնների (թե՛ քրիստոնեական լինեն և թե հեթանոսական) հոգևորականի անունով հայտնվում են ազգերի մեջ, բայց երբեք իրանց հայ քահանա չեն ձևացնում, հայ քահանայի անունը չխայտառակելու համար։

Քավոր Պետրոսի սովորություններն ինձ հայտնի լինելով, ես արդեն նախաճաշիկը պատրաստել էի տվել։ Երբ կերան, խմեցին, քավոր Պետրոսը վեր առեց վերջին բաժակը և, զարկելով տեր հոր բաժակին, ասաց.