Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/411

Այս էջը հաստատված է

— Ցանկանում եմ ձեզ բարի ճանապարհ, տացե աստված, որ հաջողությամբ վերադառնաք ձեր տեղը և շարունակեք եկեղեցու շինության գործը։ Ամեն ինչ այս աշխարհում անցողական է և ունայնություն, միայն եկեղեցին և սուրբ հավատը կմնա հավիտյան։

Հետո նա դարձավ դեպի ինձ, հարցնելով․

— Բերեցի՞ր։

— Ես սեղանավորից ստացած 10000 ռուբլու կապոցը տվեցի նրան։ Նա տվեց քահանային ասելով. 

— Ահա, տեր հայր, այդ կապոցի մեջ դուք կգտնեք այն գումարը, որ ձեզ պետք է սուրբ տաճարի շինությունը ավարտելու համար։ Ես մի մեղավոր մարդ եմ, ընդունեցեք այդ մասնավոր գումարը, իբրև այրի կնոջ լուման։

Քահանան մեծ շնորհակալությամբ և օրհնություններով ընդունեց կապոցը, հարցնելով.

— Ես չի՞ պիտի գիտենամ իմ բարերարի անունը։

— Գիտենալու մի առանձին պետք չկա, տեր հայր, դուք միայն աղոթեցեք իմ հոգու համար։ Աստված առանց անունների ևս ճանաչում է մարդիկներին։

Մեր իջևանի դռան առջև կանգնեց մի ճանապարհորդական սայլակ, որի վրա նստած էր մի ուղեկից։ Քավոր Պետրոսը, կամենալով այն օր յուր հյուրին ճանապարհ դնել, գտել էր այդ ուղեկցին և բոլոր հոգսը հոգացել էր, որ տեր հոր ճանապարհորդությունը անվտանգ լինի և ապահով։

Նա յուր ձեռքով կապեց տեր հոր ճանապարհի մափրաշը և յուր նվիրած փողերը թաքցրեց նրա մեջ։ Հետո ասաց ինձ, որ տանեմ մափրաշը, տեղավորեմ սայլակի մեջ։ Ես հոժարությամբ կատարեցի այդ, ցանկանալով, որ իմ կողմից ևս մի ծառայություն արած լինեմ տեր հորը։

— Ամեն ինչ պատրաստ է,— ասաց քահանան,— օրհնյալ լինիք, բայց ինձ պակասում է մի բան, ինձ կողոպտելու ժամանակ, թղթերիս հետ տարան և իմ անցագիրը։

— Դա մի մեծ կորուստ չէ,— պատասխանեց քավոր Պետրոսը ծիծաղելով — ես կտամ ձեզ մի անցագիր, այն ևս քահանայի անցագիր, միայն դուք այսուհևտև ձեզ պիտի կոչեք հայր Անաստասիոս։

— Դա հայի անուն չէ,— ասաց տեր հայրը դժվարանալով։

— Միևնույն է, մինչև սահմանը անցնելը կարելի է հայր Անաստասիոս լինել, իսկ Պարսկաստանում ձեզանից այլևս անցագիր չեն պահանջի։