Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/414

Այս էջը հաստատված է

Խաչագողը ծիսապաշտ է։ Կրոնի հոգևոր, բարոյական մասը նրան անմատչելի է։ Եկեղեցու հրահանգները կատարում է նա որպես արարողություն,— իսկ խաբեությունը՝ որպես գործ։

Քավոր Պետրոսը և նրա նմանները պատրաստ էին և՛ եկեղեցի կառուցանել, և միևնույն ժամանակ հարյուրավոր ընտանիքների տունը քանդել, նրանց պատառ հացի կարոտ թողնել։ Նա սովորած էր մեկ շրթունքով աղոթել, իսկ մյուսով հայհոյել, սուտ խոսել։ Նա պատրաստ էր մեկ ձեռքով ողորմություն տալ, մյուսով հափշտակել աղքատի վերջին կոպեկը։

Գործողությունների այդ տարօրինակ հակառակությունը հաշտվում և ներդաշնակում էր նրա մեջ ամենայն համաձայնությամբ։ Եվ նրա սիրտը միշտ խաղաղ էր, և նրա խիղճը միշտ անգորր էր, որովհետև ամենմի մեղանչելու դեպքում նա ուներ մի ապաստարան՝ եկեղեցին, և մի միջնորդ իրան երկնքի հետ հաշտեցնելու համար՝ քահանան։

Քավոր Պետրոսը այսպես էր հասկանում կրոնի և եկեղեցու խորհուրդը։ Նա մի այլանդա՛կ քրիստոնյա էր։ Բայց նրա հավատի անկեղծության վերաբերությամբ կասկածելը շատ սխալ կլիներ։

Ե

ԳՈՀԱՐՆԵՐ

Քահանային ճանապարհ դնելու հենց մյուս օրը, քավոր Պետրոսը ինձ յուր մոտ կանչեց և ժպտելով ասաց.

— Մուրադ, մանրավաճառության համն էլ գնաց, պետք է մի ուրիշ բանով զբաղվել։

Խիստ սակավ էր պատահում, որ նա ինձ հետ հանաքներ աներ։ Ես հարցրի.

— Ապա ի՞նչ անենք։

— Պետք է մի փոքր զվարճանալ, շատ հոգնեցանք։

— Ինչո՞վ զվարճանալ։

— Դու խո իմանում ես երգել, ես էլ լավ ածել գիտեմ ջութակի վրա։ Այսօր մուժիկի մոտ մի լավ արջ տեսա, ծախում է, ես անպատճառ պետք է գնեմ այն արջը։ Ես ծիծաղեցի։

— Ի՞նչի համար,— հարցրի,— չլինի՞ թե ուզում եք օինբազություն անել։