Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/415

Այս էջը հաստատված է

— Մի այդպիսի միտք ունեմ․..։

Նա այնպես լուրջ կերպով արտասանեց վերջին խոսքը, որ անկարելի էր ասածը կատակ համարել։

—Լավ, ի՞նչ օգուտ դրանից։

— Օգուտը հետո կտեսնես...։

Աոաջին անգամն էր, որ քավոր Պետրոսը ինձ, որպես ասում են, մարդու տեղ էր դնում և ինձ հետ խորհրդակից էր լինում։ Նա ինձ հետ միշտ կարճ էր խոսում և ավելի հրամայում էր, քան թե խորհուրդ էր հարցնում։

Թողնելով քաղաքը, որտեղ գտնվում էինք, անցանք մի գյուղ։ Արջը արդեն պատրաստ էր։ Մեր նոր պարապմունքի համար ընտրած երաժշտական գործիքներով և հագուստի ձևերով մենք բոլորովին նմանում էինք թափառական ցիգաննրի։ Թե՛ ես և թե քավոր Պետրոսը խիստ ծիծաղելի էինք այդ նոր կերպարանափոխության մեջ։

Արջը վարժված էր։ Մնում էի ես։ Քավոր Պետրոսը երկու ամբողջ շաբաթ սովորեցնում էր ինձ բոլոր եղանակները, թե ո՛րպես պետք էր պար ածել նրան։ Ես այս գործի մեջ ևս ցույց տվի իմ ընդունակությունը։ Քսան օրից հետո այն աստիճան պատրաստված էի, որ կարող էի ամենայն վստահությամբ հանդես դուրս գալ, որպես մի լավ արջ պար ածող։

Քավոր Պետրոսը, այդ երևելի չարագործը, օրըստօրե բարձրանում էր իմ աչքում յուր խաբեբայության հսկայական մեծությամբ։ Նա յուր արջ պար ածողի մուշտակի մեջ նույնքան մեծ էր, որքան Երուսաղեմի աբեղայի ֆարաջայի մեջ։ Նրա համբերությունը, նրա հեռատեսությունը սահման չուներ։ Ինձ թվում էր, որ նա նայում էր այն ընդարձակ երկրի վրա, որպես յուր մշակության դաշտերի, որպես յուր ագարակի վրա։ Արջ պար ածողի կեղևի մեջ պարածածկված, կարծես թե նա ցանում էր սերմերը, որոնց բեղմնավոր արդյունքը մի ժամանակ պիտի հնձեր...։ Թափառելով գավառից գավառ, քաղաքից քաղաք և գյուղից գյուղ, նա հետազոտում էր հողը, նշանակում էր յուր հիշողության մեջ այն տեղերը, ուր մի ժամանակ նրա մանգաղին հաջող հունձ էր սպասում...։

Եվ արդարև, արջ պար ածողը, ռամիկ ժողովրդի ռամիկ ծաղրածուն, այնքան անմեղ, այնքան անվտանգ մարդ է, որ բոլոր տների բակի դռները բաց են նրա համար։ Տիկինները, պարոնները, իրավ է, նրա վրա ուշադրություն չեն դարձնում, բայց աղախինների, սպասավորների և տան երեխաների սիրելին է նա։ Ժամերով