Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/42

Այս էջը հաստատված է

Յուր հոր այդ կոշտ պատասխանից Գրիգոլի լեզուն կապվեց, և նա, սիրտը կոտրած, մի քանի րոպե հոր վրա նայելուց հետո դուրս գնաց նրա սենյակից։

Նա ասաց յուր մորը, թե ի′նչպես պատասխանեց իրան հայրը։

Ճանճուր Իվանիչի մի այդպիսի վրդովմունքը և ջհանդամ բառը պատճառ տվին տիկին Բարբարեին մտածել, թե յուր ամուսնու Կավկայի կապալի գործերը պիտի անհաջողության հանդիպած լինին, և որ նրա մի այդպիսի հանկարծակի ճանապարհորդությունը ոչինչ բարիք չէ գուշակում։

Նույն րոպեին Քիտեսը իմացում տվավ, թե աղան պատրաստվում է գնալու։

Տիկին Բարբարեն, օրիորդ Սոֆին և նրանց մյուս զավակները դուրս գնացին նրան ճանապարհ գցելու։

Նա արդեն նստած էր սայլակի մեջ։

— Մուղայիթ կացեք, բճերքն ու քոծը բան չգողանան, ու դուք էլ հիռու կացեք անխելք մսխելեմեն,— ասաց նա՝ յուր վայրենի հայացքը ձգելով ընտանիքի վրա, որ ավելի սարսափելի էր գիշերային մթության մեջ։

— Քշե′,— հրամայեց նա սայլապանին։

Ձիաները առաջ խաղացին, սայլակի զանգակները հնչեցին, անիվներն սկսան գլորվել փողոցի ողորկ քարահատակի վրա։

Տիկին Բարբարեն և յուր զավակները, երկար կանգնած դռանը՝ նայում էին նրա հետևից, մինչև զանգակների ձայնը լռեց, և սայլակն անհետացավ գիշերային խավարի մեջ։

Նրանք խորին տխրությամբ դարձան տուն։


— Նա մինչև անգամ մնաք բարով էլ չասաց մեզ, մայրիկ,— ասաց օրիորդ Սոֆին՝ ողորմելի կերպով նայելով մոր երեսին։

Մայրը ոչինչ չպատասխանեց, միայն աղջիկը տեսավ, որ նրա աչքերից գլորվում էին արտասուքի խոշոր կաթիլներ։

— Ահա′ ինչ է նշանակում հին մարդիկ,— կրկնեց օրիորդ Սոֆին,— նրանց մեջ չկա ո′չ ծնողական սրտի քնքուշ զգացմունք և ո′չ մարդավայել քաղաքավարություն․․․

Օրիորդը մի քանի խոսքերով մխիթարելով յուր մորը՝ գնաց յուր սենյակը։

Այդ գիշեր բոլոր Հացի—Գելենք անցկացրին ցավեցուցիչ տրտմությամբ։ Հոր խստասրտությունն առավելապես զգալի եղավ օրիորդ Սոֆիին։

«Այս էլ աշխարհը․․․ արդյոք ի՞նչ վայելչություն կա