Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/421

Այս էջը հաստատված է

Երբ հաջողությամբ կվերադառնաք ձեր հայրենիքը, իսկույն կտեսնեք իմ ձեռքի օրհնությունը, դուք այդ գոհարներից մի քանիսը կընծայեք Բուխարայի էմիրին, և նա անպատճառ կտա ձեզ մի քանի գավառների նահանգապետության պաշտոնը և գուցե ձեզ յուր վեզիր կնշանակե։

Բուխարեցին սկսեց ուրախ-ուրախ ծիծաղել։ Գուցե այդ իսկ նպատակով գնեց նա գոհարները։

Քավոր Պետրոսը (այսինքն խորասանցի ակնավաճառ Մաշադի֊Մոլհամմեդ֊Ղոզի֊աղան) բարի գիշեր ասելով, հեռացավ։ Ես չիբուխը ձեռքում հետևեցի նրան։ Դրսում եղանակը բոլորովին փոխվել էր։ Անձրևը հեղեղի նման թափվում էր. այդ պատճառով փողոցներում մարդիկ հազիվ էին երևում։ Գիշերը այնքան խավար էր, որ եթե մատդ կոխելու լինեիր մեկի աչքը, բնավ չէր տեսնի։

Քավոր Պետրոսը հրամայեց ինձ հեռվից֊հեռու հետևել իրան։ Նա գտավ նոր վարձված թաթար ծառային բաղանիքից վերադարձած, սպասում էր խանութի դռանը։ Աղան նրան ներս տարավ։ Ճրագները վառվեցան։

Այդ միջոցին ես անցա խանութի դռնից, ծառան տեսավ ինձ և ճանաչեց։ Իմ այնօրվա վկայությունը նրա հավատարմության վերաբերությամբ, երևում էր, այնքան գրավել էր նրա սերը դեպի ինձ, որ խեղճը մտածեց մի բանով երախտամատույց լինել։ Նա չկամեցավ, որ ես անձրևի տակ մնայի, հրավիրեց յուր մոտ։ Ես հրաժարվեցա պատասխանելով, թե չեմ կարող ներս մտնել, գուցե նրա աղային հաճելի չէր լինի այդ։ Նա ասաց, որ այդ մասին աղայից թույլտվություն կխնդրե։ Իհարկե ստացավ թույլտվությունը։

Խանութը ուներ մի քանի բաժանմունքներ, մենք գտնվում էինք ծառայի սենյակում։ Այդ ժամանակ միայն ես մտածեցի հարցնել նրա անունը։

— Ասկեր, ձեր ոտքի հողը, — ասաց նա։

Ասկերը բոլորովին մաքրվել էր բաղանիքում. նրան հարկավոր էր մի լավ հագուստ, որ օրինավոր սպասավորի կերպարանք ստանար։ Աղան ընծայեց նրան յուր հագուստը, որով ինքը այն գիշեր հայտնվել էր երիտասարդ բուխարեցու մոտ։ Ծառայի համար տիրական իրանից առնված հագուստը ամենամեծ պարգևներից մեկն է։ Ասկերը ընդունեց այդ թանկագին պարգևը երեխայական հրճվանքով։ Խեղճ մարդը չգիտեր, թե որպես շնորհակալություն հայտներ