Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/425

Այս էջը հաստատված է

է ասել, բոլորովին բարեկամական էին։ Բայց պետք չէ մոռանալ, որ քավոր Պետրոսը իրան ձևացրել էր նույնպես հրեա, ոչ թե հասարակ հրեա, այլ մի գիտնական ռաբբի, որը Թովրաթը և Թալմուդը անգիր գիտեր։ Դրա մեջ կասկածել ոչ ոք կարող չէր. որովհետև նրա դեմքի գծագրությունը բավական նման էր Իսրայելի հալածված որդիների տխրամած դեմքին։ Բացի դրանից, նրան ծանոթ էին՝ ոչ միայն եբրայեցոց, այլ զանազան ասիական ազգերի սովորությունները ու լեզուները։ Քավոր Պետրոսը իրան ներկայացրել էր որպես Սպահանի և Համադանի հրեաների հովիվ։

Սեղանավորը եկած էր այս քաղաքը բոլորովին աղքատ․ մի բան, որ բերել էր նա յուր հետ էր նրա հրեական անվաստակելի եռանդը և հրեական խելքը, որ զորավոր է հանդիսանում ավելի մթին ճանապարհների մեջ...։ Սկզբում նա ժամագործ և կնիքներ փորագրող էր, բայց մի քանի տարուց հետո դառնում է բանկիր։

Սեղանավորը որքան և ջերմեռանդ փողապաշտ էր, այնքան էլ մոլեռանդ մովսիսական էր։ Արծաթի և հին Կտակարանի պաշտամունքը նրա մոտ համահավասար նշանակություն ունեին։ Նրա պապերը Սինա լեռան ստորոտում գուցե չէին պաշտի Ահարոնի շինած հորթին, եթե ոսկուց ձուլված չլիներ։

Սեղանավորը յուր հայրենական կրոնի նախանձախնդրությունն ուներ։ Այդ էր պատճառը, որ նա խիստ հարգանքով ընդունեց քավոր Պետրոսին, որ հայտնվել էր նրա մոտ, որպես նրա թշվառ ազգակիցների քահանա, որոնք աղքատ, հալածված ապրում էին Պարսկաստանի հեռավոր գավառներում։ Ռաբբի Շիմոնի (այսպես էր կոչում իրան քավոր Պետրոսը) ցավալի պատմությունները արևելքի հրեաների աննախանձելի դրության մասին՝ ոչ միայն գրավեցին հարուստ սեղանավորի սիրտը, այլ շարժեցին այն քաղաքում գտնված բոլոր նշանավոր հրեաների կարեկցությունը դեպի ուխտյալ աշխարհի հայրենազուրկ և տարագրված որդիները։

Գլխավորապես սեղանավորի հորդորանքով տեղային հրեաները մի նշանավոր գումար հանգանակեցին ի նպաստ Սպահանի և Համադանի մեջ բնակվող եղբայրների, որոնց կողմից քավոր Պետրոսը ներկայացել էր իբրև հոգևոր նվիրակ։

Իրան ձևացնել նվիրակ այս և այն դավանության, այս և այն եկեղեցու հոգևոր իշխանության կողմից և ժողովրդից հավաքել բարեգործական օժանդակություններ, դա խաչագողի արհեստի գլխավոր ճյուղերից մեկն է։ Խաչագողը գիտե մարդկային հասարակությունների