Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/432

Այս էջը հաստատված է

— Հիմա կանգնեցրեք,— ասաց նա։— Այստեղ կարող ենք հանգստացնել ձիաները, մենք ևս մի բան կուտենք։

Բայց ուտելու ոչինչ չէր մնացել, որովհետև ես իմ բաժինը գալու ժամանակ ճանապարհին բոլորը կերել էի։

Մեր գտնված տեղը մի տափարակ դաշտ էր։ Թեև շատ չէինք հեռացել մեծ ճանապարհից, բայց այնքան սաստիկ մութն էր, որ անցորդները հազիվ կարող էին նշմարել մեզ։ Երբ ձիաները գարին կերան, փոքր֊ինչ հանգստացան, քավոր Պետրոսը հրամայեց լծել։ Ես զբաղվեցա ձիերը լծելով, իսկ քավոր Պետրոսը այդ միջոցին փոխում էր յուր ռաբբիի հագուստը։ Երբ բոլորովին պատրաստ էինք, ասաց նա.

— Նստի՛ր, քշիր դեպի այդ կողմը։

— Այդ կողմով մենք դարձյալ կվերադառնանք քաղաքը, — նկատեցի ես։

— Ես էլ այդ եմ ուզում։

Մեծ պտույտ գործելով, զարտուղի ճանապարհներով, մենք լուսաբացին հազիվ կարողացանք հասնել քաղաքը։ Մեր սայլակը կանգնեց քաղաքի մի հեռավոր և խուլ անկյունում գտնված տան հանդեպ։ Այդ տունը այն կասկածավոր բնակարաններից մեկն էր, որի դռները ցերեկով միշտ փակ են մնում և գիշերները միայն մարդիկ այնտեղ ելումուտ են գործում։ Այստեղ քավոր Պետրոսը վարձել էր մի փոքրիկ մթին սենյակ, ուր հազիվ տեղավորեցինք մեր իրեղենները։ Բավական հոգնած էինք։ Ես պառկեցի բակում, սայլակի վրա, ձիաների մոտ, իսկ քավոր Պետրոսը քնեց փոքրիկ սենյակում։

Հեռանալ մեկ քաղաքից, գնալ ձևացնելով, և կրկին վերադառնալ նույն քաղաքը, դա քավոր Պետրոսի փախստյան եղանակներից մեկն էր։ Դիցուք թե սեղանավորը հենց նույն օրը հասկանար յուր խանութում կատարված գողությունը, բայց մինչև կհայտներ ոստիկանությանը, մինչև մեր ետևից մարդիկ կուղարկեին, բավական ժամանակ կանցներ։ Մարդիկը կգային և մեզ ճանապարհի վրա չէին գտնի, որովհետև մենք արդեն մի այլ ճանապարհով կրկին վերադարձած կլինեինք նույն քաղաքը։ Ես զարթնեցա այն ժամանակ, երբ արևը մի ժամ առաջ ծագել էր և հնդկահավերը բակում կռնչում էին։ Բայց այդ հնացած, խոնավոլթյունից բորբոսնած և գերեզմանի պես մթին տան մեջ դեռ մարդիկ չէին երևում։ Կարծես, դա ժանտախտով վարակված այն տներից մեկը լիներ, ուր մարդիկ չեն համարձակվում բնակվել։