Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/435

Այս էջը հաստատված է

դրսում չէր հայտնվում, այլ գիշերները միայն դուրս էր գալիս յուր մթին սենյակից։ Արդյոք ո՞ւր էր գնում,— այդ մասին ինձ ոչինչ չէր ասում։

Լիզան օրըստօրե ավելի համակրելի էր դաոնում։ Այդ դժբախտ կինը զարթեցնում էր իմ մեջ ոչ այլ զգացմունք, այլ միայն ցավակցություն։ Երբ նա պատմում էր ինձ յուր կրած տանջանքները, յուր հետ պատահած անցքերը, ես սարսափում էի։ Նա մի կատաղի ավազակի սիրուհի էր, որից բաժանվել չէր կարող, որովհետև սաստիկ սիրում էր նրան, թեև օր չէր անցնում, որ չծեծվեր նրանից։

Որպես գիշերով մտանք Լիզայի տունը, այնպես էլ գիշերով դուրս եկանք այնտեղից։ Խեղճ աղջիկը պատրաստել էր ինձ համար բավական ճոխ պաշար ճանապարհին ուտելու համար։ Նա ինձ կոչում էր Նիկոլայ, որովհետև այդ անունով ծանոթացա նրա հետ։

— Նիկոլայ, հոգյակս,— ասաց նա մեզ ճանապարհ դնելու ժամանակ,— երբ կպատահի քեզ միանգամ ևս անցնել այդ քաղաքով, չմոռանաս խեղճ Լիզային։

— Չեմ մոռանա,— պատասխանեցի ես, և մեր սայլակը հեռացավ։

Քավոր Պետրոսը բարկացավ։ Նա սաստիկ ատում էր, երբ մարդիկ քաղցրությամբ էին խոսում «քածերի» հետ, ինչպես սովորաբար արտասանում էր նա։

Է

ԲԱՐԵԳՈՐԾՈԻԹՑՈՒՆ

Գիշեր էր, երբ մենք դուրս եկանք հիշյալ քաղաքից։ Լուսնյակի լուսով մեր սայլակը հանդարտ վազում էր հարթած ճանապարհով։ Երկու ուժեղ ձիաներ քաշում էին նրան ամենայն արագությամբ։ Ես կառավարում էի նրանց երասանակները։ Քավոր Պետրոսը մրափում էր սայլակի մեջ, որպես մի հսկա, որ հանգստանալու պետք է զգում մի մեծ հաղթությունից հետո։

Մեր ճանապարհը ձգվում էր անսահման անապատի միջով, ուր դեպի ո՛ր կողմը նայում ես, երկինքը միանում է հորիզոնի հետ։ Այսպիսի անապատները ոչ միայն ցերեկով, այլև գիշերով, այն ևս լուսնկա գիշերով, կախարդիչ կերպով ազդում են մարդու երևեկայության