Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/437

Այս էջը հաստատված է

Այդ խոսքերը թեև արտասանեց նա հանդարտությամբ, բայց նրանց մեջ կար և՛ բարկություն, և՛ հանդիմանություն։

Հետ դառնանք,— պատասխանեցի ես,— գուցե կգտնենք ուղիղ ճանապարհը։

—Հարկավոր չէ, շարունակի՛ր, տեսնենք աստված ո՛ւր է տանում մեզ։

Քավո՛ր Պետրոսը մեր մոլորվելու մեջ գտնում էր աստուծո կամքը։ Նա մտածում էր, գուցե ուղիղ ճանապարհի վրա մեզ մի վտանգ կպատահեր, գուցե այնտեղ հետամուտ էին լինում, որ կալանավորեն մեզ, իսկ շեղվելով ուղիղ ճանապարհից՝ ազատվեցանք։

Զարմանալի բան է աստուծո ներկայությունը ամեն գործի մեջ. թե՛ գողը և թե կողոպտյալը միօրինակ հույս են դնում նրա վրա։ Սպանողը նրանից ուժ է խնդրում յուր բազկի համար, իսկ սպանվողը՝ ազատություն։ Բոլորը դիմում են դեպի նա։

Արևը բավական բարձրացել էր։ Մենք գտնվում էինք դեռ միևնույն հարթ-հավասար անապատի մեջ։ Դեպի ո՛ր կողմը և նայում ես, վերջ չկա։ Մի ծանր, ճնշող տպավորություն էր գործում այդ լայնատարած, մռայլոտ անապատը մարդու վրա։ Կարծում ես, թե հորիզոնը ամեն կողմից հետզհետե նեղանալով, պատրաստվում է խեղդել քեզ։ Տեղ-տեղ պատահում էին փոքրիկ գյուղեր, նույնպես փոքրիկ, ողորմելի խրճիթներով, բայց մենք կանգ չէինք առնում անցնում էինք։ Մի տեղ միայն քավոր Պետրոսը ցած իջավ սայլակից, մտավ գյուղը, մեզ համար ճանապարհի պաշար գնելու և մանավանդ տեղեկանալու, թե՝ ո՛րտեղ ենք գտնվում, կամ դեպի ո՛ւր է տանում մեր բռնած ուղին։

Ես սայլակը կանգնեցրի գյուղի գլխավոր փողոցի վրա, սպասում էի քավոր Պետրոսի վերադարձին։ Նա կանչել տվեց գյուղի տանուտերին, ինչ֊որ խոսեց նրա հետ, և քառորդ ժամից հետո վերադառնալով, ասաց ինձ.

— Այստեղ անկարելի է մնալ։

— Ինչո՞ւ։

— Ո՛չ մեզ համար հաց կարելի է գտնել և ո՛չ ձիաների համար գարի։

— Ի՞նչ է պատահել։

— Այս կողմերում սարսափելի սով է տիրում, մարդիկ ամեն ինչ սպառելով, հետո կերել են իրանց անասուններին, այդ ևս սպառելով, այժմ ուտում են այն, ինչ որ անասուններր պիտի ուտեին։

Ես սոսկացի։ Նա նստեց սայլակի վրա և հրամայեց քշել։