Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/438

Այս էջը հաստատված է

— Դեպի ո՞ր կողմը,— հարցրի ես։

— Դեպի աջ։

— Դուք հիմա գիտե՞ք, թե ո՞ւր է տանում այդ ճանապարհը։

— Գիտեմ։

Քավոր Պետրոսի պատմությունից երևաց, որ նախորդ տարվա երաշտության պատճառով այս կողմերում հունձը խիստ անհաջող է եղել, իսկ ներկա տարվա ցանքերը նույնպես մի առանձին բեղմնավորություն չէին խոստանում։ Գյուղացիները, որ առանց այդ դժբախտությունների ևս միշտ աղքատ են եղել, այժմ զրկվել էին ապրուստի ամեն միջոցներից։

— Իսկ մեզ մոտ ուտելու մի բան մնացե՞լ է,— հարցրեց քավոր Պետրոսը։

— Միայն հացը պակաս է։

Շա՛տ ապրի Լիզան, նրա առատաձեռնության շնորհիվ մենք այժմ ունենք մի ամբողջ բուդ խոզի ապուխտ, մի քանի կտոր երշիկներ և պանիր։

— Պանիրը պահիր ինձ համար, իսկ մյուսները դու կուտես։ Քավոր Պետրոսը խոզի միս ուտելու սովորություն չուներ, որովհետև մեղք էր համարում։

Առաջիկա գյուղը այնքան հեռու էր, որ մենք հասանք այնտեղ, երբ երեկոյան ճրագները վառվում էին։ Թեև քավոր Պետրոսին ասել էին, որ այստեղ ավելի հարմարություն կգտնենք իջևանելու համար, բայց հայտնվեցավ, որ սովը և չքավորությունը այստեղ ավելի սարսափելի էր։

Մեր սայլակը կանգնեցրինք առաջին հանդիպած խրճիթի դռանը։ ճրագվի մոմ անգամ չգտանք վառելու համար, որովհետև ճրագվի մոմերը այժմ գործ էին ածում որպես կերակուր։ Մեր հեռվից տեսած ճրագները ուրիշ ոչինչ չէին, բայց միայն փայտի տաշեղներ, որ բանեցնում էին մոմերի տեղ։

Մենք ունեինք մեզ հետ «մոմապատ», այսինքն մոմով պատած թելի մի ահագին կծիկ, որ մարդիկ ճանապարհորդության ժամանակ ման են ածում։ Բայց այդ կծիկը մեզ ուրիշ շատ գործերում ևս հարկավոր էր լինում։ Վառեցինք «մոմապատը»։

Մտանք խրճիթը։ Դա մի կատարյալ հիվանդանոց էր. ընտանիքի մեծ մասը պառկած, հառաչում էր ցնցոտիների ներքո։ Ոտքի վրա էր մնացել միայն ծերունի տան տերը և մի փոքրիկ աղջիկ — նրա թոռնիկը։

— Այստեղ անկարելի է մնալ,— ասացի ես քավոր Պետրոսին։