Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/442

Այս էջը հաստատված է

Քավոր Պետրոսի այցելությունները երկար չտևեցին, որովհետև նա մտել էր մի քանի խրճիթներ միայն և, ամեն տեղ տեսնելով միևնույն զարհուրելի տեսարանները, միևնույն դժբախտությունները, այլևս համբերել չէր կարողացել և հետ էր դարձել։ Նա սաստիկ զգայուն մարդ էր. թշվառության համար դեռ պահված էին նրա աչքերում արտասուքի մի քանի կաթիլներ...։

Նրա հետ էր և՛ քահանան, և՛ գյուղի տանուտերը։

Իսկ գյուղացիների մի խումբ, լսելով այդ անակնկալ այցելության համբավը, հավաքվել էր մեր կեցած տան դռանը։

Հենց որ նստեցինք, քավոր Պետրոսը դարձավ դեպի քահանան այդ խոսքերով.

— Ես ձեզ կտամ մի գումար, տեր հայր, դրանով դուք հաց, բժիշկ և դեղորայք բերել կտաք քաղաքից։ Ես հավատացած եմ, որ ձեր ծուխի թշվառությունը ձեզ համար նույնքան զգալի է և ցավակցական, որքան եղավ նա ինձ համար, երբ այս գիշեր իմ աչքով տեսա ողորմելի մարդկանց կրած տառապանքը։

— Այդ փողերը գանձարանի՞ց են,— հարցրեց գյուղի տանուտերը։

— Այդ փողերը ես եմ տալիս ձեզ,— պատասխանեց քավոր Պետրոսը։

Նրանք զարմացած մնացին։ Նրանց վրա տիրեց մի տեսակ երկյուղ, մի տեսակ կասկած, թե ի՞նչ նպատակ կարող էր լինել դրանում, որ մի անծանոթ մարդ, մի քանի ժամ իրանց գյուղում հյուր լինելով, նվիրում էր այդքան փող։

— Աստուծո և իմ հոգու համար եմ տալիս,— ասաց քավոր Պետրոսը։

Աստուծո և հոգու անունը տալու ժամանակ նրանց կասկածը փարատվեցավ, և ամեն կողմից օրհնությունները ու շնորհակալությունները չափ չունեին։

Քահանան, որպես երևում էր, բարեխիղճ մարդ էր. նա թույլտվություն խնդրեց քավոր Պետրոսից, որ ներս կանչե դրսում կանգնած գյուղացիներին ևս, որ մի քանի վկաների ներկայությամբ ստանա գումարը, որպեսզի վերջը տարաձայնությունների առիթ չմնա։

— Ես,— ասաց նա,— այդ գումարը մի քանի անձինքների գործակցությամբ կծախսեմ, և նրա գործադրության մասին մանրամասն հաշիվ կներկայացնեմ ձեզ։ Հետո խնդրեց նա քավոր Պետրոսի հասցեն։