Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/444

Այս էջը հաստատված է

կարող էր վտանգավոր հետևանքի հասցնել։ Իմ տապարը, որ միշտ սայլակի նստարանի տակ էր պահված լինում, հանեցի և խրեցի գոտիիս մեջ։ Լուսնյակի լուսով քավոր Պետրոսը նկատեց այդ, իսկ ես նրա դեմքի վրա նկատեցի մի արհամարհական ժպիտ։

— Դուք ասում եք, թե աղքատներին և թշվառներին պետք է օգնել։ Շատ գեղեցիկ միտք է,— շարունակեցի ես։— Իսկ ողորմելի թաթար Ասկերը աղքատ և թշվառ չէ՞ր, ինչո՞ւ հրամայեցիք ինձ սպանել նրան։

— Ես միջոցների մեջ խտրություն չեմ դնում։ Եթե Ասկերին սպանել չտայի, չէի կարող կողոպտել բուխարեցուն հարուստ վաճառականին։ Իսկ բուխարեցուն կողոպտելով, ես այսօր մի ամբողջ գյուղ ազատեցի սովատանջ մահից։

Քավոր Պետրոսի խոսքերը որքան էլ ինձ տարապայման թվեին, այսուամենայնիվ, նրանք բխում էին հաստատ համոզմունքից, որոնց համեմատ ևս գործում էր նա։ Նա յուր գաղափարների մեջ հաջորդաբար էր վարվում։ Այնքան ժամանակ նրա մոտ ծառայելով, ես վկա էի եղել շատ անցքերի և միշտ նկատել էի, որ նա մի առանձին կատաղի ատելություն ուներ դեպի ժլատ հարուստները,— որոնց ընդհակառակն, նա երբեք չէր վշտացրել աղքատին և միշտ թշվառների բարերարն էր հանդիսացել։ Բայց ես հիշեցի մի պայման, որի մասին մինչև այսօր առիթ չէի ունեցել խոսելու նրա հետ։ Ես հարցրի.

— Դուք, որ միշտ բարի եք եղել դեպի աղքատը, դեպի հարստահարյալը և դեպի թշվառը, ինչո՞ւ մինչև այսօր չկատարեցիք ձեր խոստմունքը մի անձի վերաբերմամբ, որ ձեր պատճառով թշվառացավ։

— Ի՞նչ անձ։

— Իմ վարպետը։ Չե՞ք հիշում, երբ առաջին անգամ մենք վճռեցինք թողնել մեր հայրենիքը և օտար աշխարհ գնալ, մենք ուխտեցինք փող վաստակել և այդ մարդու կրած բոլոր վնասների փոխարենը վճարել։ Մոռացե՞լ եք։

— Չեմ մոռացել։ Երբ կհասնենք իջևանը, դու ինձ հիշեցրու, ես ցույց կտամ քեզ մի նամակ, որից դու կտեղեկանաս, որ ես վաղուց կարգադրություն արել եմ այդ մասին։ Ես ուղարկել էի մի գումար մեր գյուղի քահանային, խնդրելով, որ հասցնե քո վարպետին, բայց պատասխան ստացա, թե այն օրից, որ նրան փախցրին բանտից, նրա մասին ոչինչ տեղեկություն չկա, թե ինքը և թե յուր