Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/448

Այս էջը հաստատված է

— Ես շատ լեզուներով խոսում եմ, բայց նրանց լեզուն չէի հասկանում։

— Կա՞րող ես ինձ տանել նրանց մոտ։

— Մի՛ գնացեք նրանց մոտ. նրանք լավ մարդիկ չեն։

Վերջին խոսքերը մի այնպիսի զգալի կերպով արտասանեց խեղճ աղջիկը, որ ես համոզվեցա իսկույն չգնալ ավազակների բնակարանը և վճռեցի նախ այդ անցքը հայտնել քավոր Պետրոսին և ապա սպասել նրա կարգադրությանը։

Աղջիկը կլիներ հազիվ տասնևութ տարեկան։ Նա ցիգանուհի էր, բայց ոչ Ռուսաստանի ցիգաններից, այլ հեռավոր երկրներից եկած, բայց ի՞նչ երկրներից,— նա բացատրել չկարողացավ։ Նրան կոչում էին Նենե։ Նրա հայրը ածում էր արֆայի վրա, մայրը երգում էր, իսկ ինքը պար էր գալիս։ Այդ պարապմունքով թափառում էին և դրանով ապրում էին։ Ծնողները մինը մյուսի հետև, խոլերայից բռնվելով, մի շաբաթվա մեջ մեռան։ Նենեն մնաց որբ և անտեր։ Նա շարունակեց այնպես թափառել գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, մարդկանց համար գուշակություններ էր անում, հմայում էր և փող էր ստանում։

Նենեն յուր ցեղին հատուկ լղարիկ կազմվածք ուներ, բայց սաստիկ դյուրաթեք, սաստիկ առաձգական էր նա։ Առհասարակ մի գեղեցիկ նրբություն արտափայլում էր նրա մարմնի յուրաքանչյուր գծերից։ Աչքերը սև և կրակոտ էին. գույնը նույնպես թուխ էր, որպես մազերը։ Բայց որքա՜ն կյանք կար նրա հայացքի մեջ, որքան պարզություն կար նրա խոսքերի մեջ...։

Վերադառնալով քավոր Պետրոսի մոտ, ես չգիտեի ինչ տեսակ հաշիվ և համար տամ իմ անտառում կատարած գործողության մասին։ Նա հեռվից տեսնելով ինձ Նենեի հետ միասին, հեգնեց, ասելով.

— Որսորդությունդ հաջողակ է երևում. մենակ գնացիր, զույգով վերադարձար։

Նա նստած էր միևնույն ծառի հովանու ներքո, ուր առաջ թողել էի նրան։ Ես ոչինչ չպատասխանեցի, տարա Նենեին սայլակի մոտ։ Խեղճ աղջիկը այնպես շուտով մտերմացավ ինձ հետ, որ իսկույն հարցրեց.

— Ասեղ ունե՞ս։

— Ի՞նչ ես անում։

— Դրանք պետք է կարկտնեմ։

Նա ցույց տվեց յուր պատառոտված հագուստը։