Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/450

Այս էջը հաստատված է

դրան վե՛ր առ քեզ հետ, գնացեք, լուր բերեցեք այն մարդերի մասին։

Ես իսկույն համաձայնվեցա։ Ինձ հետաքրքրում էր ավելի այն, որ այն օր իմ սպանած մարդու բերանից լսեցի հայերեն խոսքեր։ Ի՞նչ գործ ուներ հայը այդ վայրենի, անմարդաբնակ լեռների մեջ։ Ես վեր առի, բացի տապարից, և մի զույգ ատրճանակներ։ Ամեն ինչ պատրաստ էր, միայն դժվար էր համոզել Նենեին, որ նա առաջնորդեր ինձ մինչև ավազակների բնակարանը։

— Ա՜խ, մի՛ տարեք ինձ այնտեղ... նրանք չար մարդիկ են... ես վախենում եմ...,— կրկնում էր նա ողորմելի ձայնով։

— Ի՞նչու ես վախենում, ես քեզ հետ եմ գալիս։

— Դու կսպանե՞ ս նրանց, այդպես չէ՞ ։

— Կսպանեմ, եթե քեզ դիպչելու լինեն։

— Հա՛, սպանի՛ր նրանց... նրանք աստված չունեն...։

Նենեն այն օր յուր աչքով տեսել էր իմ ձեռքի ուժը։ Նա շուտով համոզվեցավ, որ ես կկատարեմ իմ խոստմունքը։ Երևում էր, որ անբախտ աղջկա մանուկ կուրծքի մեջ բորբոքվում էր խիստ դառն վրեժխնդրություն դեպի այդ չարագործները, և այդ պատճառով, երբ վերջին խոստմունքը լսեց, իսկույն հոժարվեցավ ինձ հետ գալու։

Լուսնյակը լուսավորում էր հազիվ նշմարվող շավիղը, որ տանում էր դեպի ավազակների բնակարանը։ Այդ լեռնային շավիղը տեղ-տեղ կորչում էր խտությամբ աճած խոտաբույսերի մեջ և դարձյալ հայտնվում էր։ Նենեն գնում էր իմ մոտով և համարյա կպած էր իմ կողքին։ Նա իմ աջը բռնել էր յուր փոքրիկ ձեռքի մեջ և մի այնպիսի հոգատարությամբ պահում էր, կարծես թե վախենում էր, չիցև թե թողնեի նրան մենակ, գիշերային մթության մեջ ավազակների բնակարանի մերձակայքում, իսկ ես փախչեմ։

Հանկարծ նա կանգ առեց և, ընդհատելով մեր մեջ տիրող լռությունը, ասաց․

— Դու լավ մարդ ես։

— Ի՞նչ գիտես։

Եթե դու չլինեիր, այն ավազակը ինձ կսպաներ։

— Այդ աստված ազատեց քեզ։

— Նա քեզ ուղարկեց, որ դու ինձ ազատես։

Այդ խոսքերի միջոցին նա մի ձեռքը տարավ և սեղմեց յուր բորբոքված շրթունքի վրա։ Դա նրա լուռ շնորհակալության նշանն էր։ Բայց ո՞վ կարող էր նախագուշակել, որ այդ անմեղ աղջիկը,