Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/452

Այս էջը հաստատված է

Այդ ծակից կարելի էր դյուրությամբ հետազոտել խրճիթի ներսը։ Ի՞նչ եմ տեսնում։— Մի քանի ուրախ դեմքեր բոլորել էին ընթրիքի սեղանի շուրջը, ուտում էին ու խմում էին։ Այդ հարբած, մոլեգնած հասարակության աղմուկն ու աղաղակը չէր թողնում մի բառ անգամ որոշել նրանց խոսակցությունից։ Մի քանի րոպե ես ականջ էի դնում, բայց իմ ականջներին չէի հավատում։ Տեր աստված, այդ ի՞նչ բան է։ Իմ ականջին դիպան Խաչատուր, Համբարձում, Մնացական անունները։ Դրանք հայի անուններ էին։ Ես լսում էի հայոց ձայներ, հայոց խոսքեր, իսկ և իսկ այն բարբառով, որպես խոսում էին իմ հայրենիքում...։

Ինձ համար դրանց ի՛նչ տեսակ մարդիկ լինելը արդեն պարզված էր։ Շուտով թողեցի խրճիթը և հեռացա, որովհետև չէի ուզում Նենեին երկար սպասել տալ։ Նրա ուրախությանը չափ չկար, երբ ողջությամբ վերադարձա նրա մոտ։ Նա այժմ միամտաբար սկսեց գովել իմ քաջությունը։

— Դու ղոչաղ տղա ես, Մուրադ,— ասաց,— գնացիր նրանց բնակարանի մոտ ու քեզ ոչինչ չկարողացան անել։

Մենք շտապեցինք քավոր Պետրոսի մոտ։ Նա անհամբերությամբ սպասում էր մեզ։ Ես պատմեցի բոլորը, ինչ որ տեսա, ինչ որ լսեցի խրճիթում։ Նրա խոժոռ դեմքի վրա երևացին մի տեսակ ցնցումներ, որ արտահայտություն էին նրա սրտի բերկրությանը։

— Դա խաչագողների մի նշանավոր որջ է,— ասաց նա մի առանձին բավականությամբ։ — Ես այդ մարդիկներին որոնում էի...։

Թ

ԽԻՂՃՍ ԶԱՐԹՆՈՒՄ Է

Մյուս օրը առավոտյան քավոր Պետրոսը ասաց ինձ հետևյալ խոսքերը.

— Մուրադ, ես տեսնում եմ, որ աստված մեզ հետ է․ մեր գործը օրըստօրե հաջողություն է խոստանում։ Ես վաղուց որոնում էի այդ մարդիկներին, վերջապես բախտը մեզ հանդիպեցրեց նրանց։ Նրանք խիստ համարձակ և ընդունակ մարդիկ են։ Նրանց ձեռքով կարելի է միլիոններ դիզել։ Գնանք և միանանք նրանց հետ, մենք սիրով կընդունվենք նրանց ընկերության մեջ։

Երևում էր, խոսակցության առարկան խիստ մոտ էր քավոր