Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/453

Այս էջը հաստատված է

Պետրոսի սրտին, այդ պատճառով նա այնպես երկար ձգեց յուր ճառախոսությունը։ Եվ ես, համոզված լինելով, որ նա ամեն բանի մեջ իմ բարին է ցանկանում, ընդունեցի նրա առաջարկությունը։

— Բայց մեկ դժվարություն կա,— ասաց նա։

— Ի՞նչ դժվարություն։

— Այդ աղջիկը…։

Նա ցույց տվեց Նենեի վրա, որը դեռ քնած էր։

— Նա ինչո՞վ կարող է արգելք լինել մեզ։

— Ամեն բանով։

— Ես չեմ հասկանում։

— Ուրեմն լսի՛ր։ Այղ աղջկա կյանքը ազատելու համար դու սպանեցիր այն մարդուն, որը հիշյալ ընկերության անդամ էր։ Այժմ մենք ցանկանում ենք նրանց հետ միանալ, մտածի՛ր, նրանք կարո՞ղ են վստահություն ունենալ դեպի մեր հավատարմությունը։

Ես ոչինչ չգտա պատասխանելու։ Նա շարունակեց.

— Մենք ինչպե՞ս կարող ենք այսօր միանալ նրանց հետ, երբ երեկ սպանել ենք նրանց ընկերներից մեկին։

— Մենք կարող ենք այդ սպանությունը թաքցնել։

— Այո՛, կարող ենք այդ սպանությունը թաքցնել։ Բայց քանի որ աղջիկը մեզ հետ կլինի, թաքցնել չենք կարող։ Բացի դրանից, այդ աղջկա մասին նրանք կասկած ունեին, թե կմատնե իրանց և այդ պատճառով վճռեցին նրա մահը։ Աղջիկը դեռ կենդանի է, ուրեմն նրանց կասկածը կմնա դարձյալ կասկած։ Իսկ երբ մենք կմիանանք նրանց ընկերության հետ, և այդ աղջկան մեզ հետ կտեսնեն, արդյոք մեր անձը չե՞նք ենթարկի նույն կասկածանքին, որ նրանք ունեին այդ աղջկա մասին։

— Մենք կարող ենք աղջկան մեզ հետ չունենալ, այլ բաց թողնեք, ուր որ ուզում է, թող գնա։

Քավոր Պետրոսը, որ ոչ մեկ խոսքի առջև կանգ չէր առնի, լռեց, մտատանջության մեջ ընկավ։ Ես չէի հասկանում, թե ինչո՞ւ, նա այսպես սատանայաբար ոլորում էր, քաշքշում էր յուր բացատրությունները, առանց յուր վերջնական միտքը հայտնելու։ Ի՞նչ երկյուղ ուներ ինձանից։ Վերջապես փոքր առ փոքր հայտնեց նա յուր միտքը։

— Դու ասում ես, որ մենք կարող ենք աղջկան բաց թողնել, ուր որ ուզում է, թող գնա, բայց այդ անկարելի է։ Ցիգանուհին երբեք չի մոռանա վիրավորանքը և իրան հասցրած անպատվությունը։ Այդ մարդիկը, որպես քեզ հայտնի է, անպատվել են այդ աղջկան