Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/454

Այս էջը հաստատված է

և մինչև անգամ պատրաստվել են սպանել նրան։ Այդ բոլորը չի մոռանալ նա և պետք է վրեժխնդիր լինի, պետք է մատնե նրանց։ Իսկ մատնելով նրանց, կմատնվենք և մենք, որովհետև նրանց խումբի մեջ կլինենք, որովհետև կամենում ենք ընկերանաք նրանց հետ։

— Ուրեմն ի՞նչ պետք է արած։

— Պետք է անել այն, ինչ որ նրանք էին կամենում անել։

— Սպանե՞լ...։

— Այո՛, սպանել։

Առաջին անգամն էր, որ քավոր Պետրոսի խոսքը ոչ միայն վատ տպավորություն գործեց իմ վրա, այլ կատաղության չափ գրգռեց իմ բարկությունը։ Ես գոչեցի.

— Սպանել նրա՞ն, որի կյանքը ազատել ես, դա խղճի և ազնվության հակառակ բան է։

Մի դառն, արհամարհական ժպիտ երևաց նրա գերեզմանի պես սառն դեմքի վրա։

— Խղճմտա՜նք... ազնվությո՜ւն...,—բացականչեց նա,— ի՜ նչ գեղեցիկ խոսքեր են, բայց նույնքան դատարկ, որքան ինքը հիմարությունը...։

— Ինչո՞ւ։

Այդ հարցին պատասխանելու ժամանակ նա յուր ձայնը մեղմացրեց.

— Դու դեռ տղա ես, Մուրադ, և աշխարհը չես ճանաչում։ Մարդ չէ կարող խղճմտանք և ազնվություն ունենալ այնպիսի ժամանակներում, երբ ամբողջ մթնոլորտը, որի մեջ ապրում է նա, վարակված է անբարոյականությամբ։ Եթե նա այնքան հիմար կլինի, որ կցանկանա ազնիվ լինել, անտարակույս, ինքը իրան դժբախտության կդատապարտե։ Այսպիսի հանգամանքներում մարդ պետք է խղճմտանք և ազնվություն ունենա դեպի յուր անձը միայն և դեպի նրա բարօրությունը։ Իսկ երբ մի ուրիշը արգելք է լինում յուր բարօրությանը, պետք է ոչնչացնել նրան, որ ինքը կարողանա ապրել և լա՛վ ապրել։

Ես պատասխանեցի նրան կրոնական փաստերով.

— Դա աստծուն ընդդեմ է, դա մեղք է, դա քրիստոնյայի գործ չէ։

— Ինչպես կամենում ես համարիր, բայց դժբախտաբար այդպես է։ Ես ճանաչում եմ միայն կյանքը և նրա պայմանները։ Եթե ծառ արմատախիլ չանես, նրա տեղը մի ուրիշը տնկել չես կարող։