Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/455

Այս էջը հաստատված է

Բոլոր աշխարհը այդ բնական օրենքին է հետևում,— մինը մյուսին ոչնչացնում է, սպառնում է, կլանում է, որ յուր գոյությունը պահպանե։ Դա կյանքի կռիվն է և երբեք չի դադարի, քանի որ տևում է կյանքը։

Ես չհակառակեցի քավոր Պետրոսի այդ օտարոտի վարդապետություններին, որոնք ինձ բոլորովին անհասկանալի էին. ես միայն ցավում էի Նենեի վրա, այդ պատճառով հարցրի.

— Ինչո՞վ է մեղավոր այդ խեղճ աղջիկը, որ զոհ գնա մեր զանազան սատանայական մեքենայություններին։

— Ոչնչով մեղավոր չէ, — պատասխանեց նա։ — Բայց նա պետք է զոհվի, որ մենք ապահով լինենք։

Համոզված լինելով, որ երբեք չէ կարելի փոխել նրա երկաթե կամքը, ես ստիպվեցա կեղծել, ստիպվեցա խաբել նրան։ Իմ ընդդիմադրությունը կարող էր ավելի վատ հետևանքի հասցնել։ Նա պատրաստ էր թե՛ ինձ և թե Նենեին սպանել, որ փարատվի յուր կասկածանքը, որ հաստատ կերպով կարողանա սկսել այն գործը, որից միլիոններ էր սպասում։

Ես համաձայնություն ցույց տվի։

— Ուրեմն տար աղջկան և հենց այս առավոտ մի տեղում ամփոփի՛ր...։

Արևը դեռ նոր էր արձակել իր առաջին ճառագայթները, թռչունները ուրախ-ուրախ ճկճկում էին. ամեն տեղ զարթնում էր կյանքը յուր նոր, սքանչելի զվարճությամբ։ Իսկ ինձ հրամայում էին կարճել մի անմեղ արարածի կյանքը...։

Ես մոտեցա Նենեին։ Նա դեռ քնած էր սայլակի վրա։ Ի՜նչպես քաղցր և հանդարտ քնել էր նա։ Ինձ խիստ դառն էր խռովել դեռահաս կույսի հանգստությունր։ Ո՞վ գիտե որպիսի՛ երազներ հրապուրում էին նրան։ Նա ժպտում էր, նրա մարջանի պես կարմիր շրթունքները շարժվում էին։ Գուցե նա այդ րոպեում համբուրում էր մեկին, որին սիրում էր։ Երբեմն արձակում էր ինձ անհասկանալի բառեր։ Մեկի հետ խոսում էր նա։ Ո՞վ գիտե, գուցե խոսում էր հենց յուր ծնողների հետ, որոնց կորցրել էր։ Նա յուր թևիկները տարածեց, երևի գրկում էր նրանց, և ահա նրա դեմքը պայծառացավ ուրախության լույսով...։

Երկար զմայլված նայում էր նրա վրա։ Կիսամերկ կուրծքը խիստ մեղմ կերպով բարձրանում և իջնում էր։ Շնչառությունը խաղաղ էր։ Հանկարծ նրան տիրեց մի տեսակ խռովություն։ Երեսի վրա երևացին զայրացած ցնցումներ։ «Հեռո՞ւ, անիծյալ»... — գոչեց նա և վեր թռավ տեղից։