Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/456

Այս էջը հաստատված է

— Ա՜խ, դարձյալ այն ավազակը...,— բացականչեց նա ցավալի ձայնով, սկսեց երկչոտ աչքերով նայել յուր շուրջը։

Երբ տեսավ ինձ յուր մոտ կանգնած, հանգստացավ։

— Ի՞նչ եղավ այն ավազակը,— հարցրեց ինձանից։

— Ո՞ր ավազակը։

— Ա՛յն, որ սպանում էր ինձ։

— Դու երազի մեջ տեսել ես նրան, Նենե։

Խեղճ աղջկա երևակայությունից չէր հեռանում չարագործի պատկերը, որը մի օր առաջ փորձում էր սպանել նրան։ Բայց նա չգիտեր, որ այժմ կանգնած էր յուր մոտ մի ուրիշ չարագործ, որին պատվիրել էին նույն դահճի դերը կատարել։

— Դու այստեղ ես, ես էլ չեմ վախենա...,— ասում էր նա, յուր մտերմությամբ լի աչքերը դարձնելով դեպի ինձ։

Որքա՜ն կրակ կար այդ աչքերի մեջ, որքա՜ն խոր թափանցում էր նրանց փայլը իմ սրտի մեջ։

Մտածելով, որ մեր համեցողությունը կարող էր շարժել քավոր Պետրոսի կասկածը, ես հրավիրեցի Նենեին ինձ հետ գնալ անտառը առավոտյան զբոսանքի համար։ Նա հրաժարվեցավ, ասելով.

— Չէ, անտառ չգնանք։

նա վախենում էր հանդիպել ավազակներին։ ես հանգստացրի նրան, ասելով.

— Շատ հեռու չենք գնա և ոչ քեզ այն ավազակների կողմը կտանեմ։

Նա համաձայնվեցավ։

Գեղեցի՜կ էր այն առավոտը։ Ո՜րքան ախորժ ազդում էր հովասուն օդի թարմությունը, խնկարկված բյուրավոր ծաղիկների անուշահոտությամբ։ Ի՜նչպես ուրախ երգում էին անհոգ թռչունները և որքան ծիծաղկոտ փայլում էին արեգակի առաջին ճառագայթները ցողազարդ տերևների վրա։ Ամեն ինչ սքանչելի էր, ամեն ինչ խորին, անսահման բերկրությամբ զվարճանում էր բնության սրբազան տաճարի մեջ։ Տխուր էր միայն իմ սիրտը...։

Նենեն շուտով նկատեց այդ, և երբ փոքր հեռացանք մեր իջևանից, հարցրեց նա.

— Դու սիրո՞ւմ ես ծաղիկներ։

— Սիրում եմ։

— Ես քեզ համար մի լավ փունջ կպատրաստեմ. ես իմանում եմ գեղեցիկ փունջեր շինել։ Իմ հայրը մի ժամանակ մի պարտիզպանից գնում էր մեծ քանակությամբ զանազան տեսակ ծաղիկներ,