Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/457

Այս էջը հաստատված է

ես փունջեր էի պատրաստում, ածում էի զամբյուղի մեջ և, փողոցներում ման ածելով, վաճառում էի։

Ես ժամանակ չունեի պատասխանելու Նենեի այս տեսակ քնքշություններին, ինձ զբաղեցնում էր այն միտքը, թե ի՞նչ պետք է անել խեղճ աղջկա հետ։

— Նենե,— հարցրի նրանից,— անտառում բնակիչներ կա՞ն։

— Այն ավազակները...։

— Բացի նրանցից։

— Բավական հեռավորության վրա գտնվում է մի փոքրիկ գյուղ։

— Իսկ մոտի՞կ տեղերում։

— Մի տնակ կա, ուղիղ ծովի ափի մոտ։

— Ովքե՞ր են բնակվում տնակի մեջ։

— Երկու հոգի միայն, մի ալևոր մարդ և մի պառավ կին:

— Ինչպիսի՞ մարդիկ են։

— Բարի ձկնորսներ են։

— Քեզ ճանաչո՞ ւմ են։

— Ճանաչում են։ Ամեն անգամ, երբ պատահում էր ինձ մտնել նրանց տնակը, կերակրում էին ինձ, հագուստ էին տալիս։

— Կարո՞ղ ես ինձ տանել այնտեղ։

— Կարող եմ։

Մինչև ձկնորսի տնակը հասնելը, ես ընկղմված էի խառն մտածությունների մեջ։ Նենեին սպանելու մտքից շատ հեռու էի։ Այժմ նրա կյանքը նույնքան թանկագին էր ինձ համար, որքան իմը։ Բայց ինձ համար անհասկանալի էր մի բան, թե այդ ի՞նչ փոփոխություն էր, որ կատարվեցավ իմ մեջ։ Ինչո՞ւ իմ ձեռքերը այս անգամ դողում էին արյունոտ գործում։ Ո՞վ մեղմացրեց իմ բնավորության վայրենությունը։ Մի՞թե կնոջ շունչը՝ կախարդական ազդեցությունը զարթեցրեց իմ մեջ քնած խիղճը։— Այդ բոլորը դեռ անորոշ մթության մեջ էր ինձ համար։ Միայն ես զգում էի մի բան,— զգում էի, որ իմ սիրտը կապված էր այդ անբախտ աղջկա հետ։ Արդյոք սիրո՞ւմ էի նրան։ Ո՛չ։ Իմ զգացմունքը ավելի ցավակցական էր, ավելի բխում էր կարեկցությունից դեպի նրա թշվառ վիճակը։ Նենեն որբ էր, Նենեն անտեր էր, Նենեին ես ազատեցի մահից, և մի ներքին ձայն ասում էր ինձ, որ պետք է շարունակեմ նրա պաշտպանը լիներ։

Մյուս կողմից, ես այժմ զգում էի մի տեսակ ատելություն դեպի