Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/458

Այս էջը հաստատված է

քավոր Պետրոսը։ Կարծես Նենեն խլեց իմ աչքերից այն դյութական քողը, որ մինչև այսօր թույլ չէր տալիս ինձ նկատել այդ հրեշավոր մարդու բարոյական այլանդակությունը։ Ոչինչ չէր կարող այնպես համոզիչ կերպով բացատրել ինձ նրա բարբարոսությունը, որպես այն խոսքը, որով հրամայեց ինձ սպանել Նենեին։ «Դրանից լավ առիթ գտնել չեմ կարող,— մտածում էի ես,— կվեր առնեմ Նենեին, կհեռանամ և կազատվեմ այդ չարագործությունից»...։

Բայց իսկույն երևան էին գալիս՝ աղքատ մայրս, քույրերս և վերջապես իմ նազելի Սառան։ Դրանք սպասում էին իմ լիք քսակով վերադարձին։ Իսկ իմ վաստակած բոլոր արծաթը քավոր Պետրոսի մոտ էր գտնվում։ Բաժանվելով նրանից, պետք է կորցնեի իմ ամբողջ հարստությունը։ Ինչպես թողնեի, ինչպե հեռանայի նրանից։ Շահասիրությունը և այդ դեպքում կուրացրեց ինձ... ես մնացի անվճռականության մեջ...։

Այդ բոլոր խորհրդածությունների մթությունից իմ մտքում պարզվեցավ մի բան, որ ես որոշեցի անպատճառ բաժանվել քավոր Պետրոսից։ Բայց մտածեցի, թե նախ պետք է Նենեին հանձնել ձկնորսին պահելու համար, եթե կգտնեմ նրան այնպիսի բարի մարդ, որպես պատմում էր Նենեն։ Իսկ հետո կաշխատեմ մի կերպով քավոր Պետրոսի ձեռքից դուրս բերել իմ արծաթը, որ նա ոչինչ չհասկանա։ Երբ այդ կատարված կլինի, այն ժամանակ կառնեմ Նենեին, կհեռանամ մի օտար աշխարհ և այնտեղ նրա կյանքը ապահով վիճակի մեջ կդնեմ։ Բայց ես չգիտեի, արդյոք Նենեն կհամաձայնե՞ր մնալ ձկնորսի տնակում և սպասել ինձ, մինչև ես քավոր Պետրոսի հետ հաշիվներս վերջացնեի։ Նրան փորձելու համար ասացի.

— Նենե, մենք ուրիշ տեղ պիտի գնանք, դու չես կարող միշտ մեզ մոտ մնալ։ Հիմա ես քեզ ազատ եմ թողնում, ուր որ ուզում ես, գնա՛։

— Ես քեզանից չեմ բաժանվի։

— Ինչո՞ւ։ 

— Ես հիմա շատ եմ վախենում։

— Առաջ չէի՞ր վախենում։

— Չէի վախենում, նրա համար որ, չէի իմանում, որ մարդիկ այդքան վատ են լինում...։

Նա ակնարկում էր իրան չարչարող ավազակների վրա։

— Կարելի է ես էլ վատ եմ։

— Դու լավ մարդ ես. ես քեզանից չեմ վախենում։