Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/459

Այս էջը հաստատված է

— Ես հեռու երկիր պիտի գնամ։

— Ուր որ գնաս, կգամ քեզ հետ։

— Բшյց եթե մնա՞մ այստեղ։

— Ես էլ կմնամ քեզ մոտ։

— Մենք տուն չունենք։

— Այդ անտառի մեջ մեզ համար մի խրճիթ կշինենք, նրա մեջ կապրենք։

Նա դարձյալ հիշեց ավազակներին և խոսքը փոխեց․

— Չէ՛, հեռու, այստեղից շատ հեռու գնանք։

Խե՜ղճ աղջիկ, ի՞նչ էր, որ նրան այդպես կապեց ինձ հետ. արդյոք սե՞րը, արդյոք երախտագիտական զգացմո՞ւնքը, որ ես նրա կյանքը ազատեցի մահից։ Այդ հարցերը քննելու համար ես ո՛չ միջոց ունեի և ո՛չ ժամանակ։ Ես միայն մտածում էի Նենեի կյանքը գոնե առժամանակ ապահով վիճակի մեջ դնել, մինչև քավոր Պետրոսի հետ գործերս վերջացնեի։ Ինձ հրամայված էր սպանել նրան, եթե ես այդ հրամանը չկատարեի, անտարակույս կկատարեր նա, որ հրամայեց ինձ։ Աղջիկը չէր կարող ազատվել քավոր Պետրոսի գազանությունից, եթե նա հասկանար, որ տակավին կենդանի է մնացել նա։

Մենք այժմ գտնվում էինք լեռնային բարձրության վրա։ Մեր առջև բացվեցավ անսահման մուգ-արծաթափայլ տարածություն — ձովը։

— Հիմա մոտեցանք ձկնորսի տնակին,— ասաց Նենեն։

— Քեզ կտանեմ նրա խրճիթը։

— Ես այնտեղ մենակ չեմ մնա։

— Ես շուտ֊շուտ քեզ մոտ կգամ։

— Ամեն օր, հա՞։

— Հա՛, ամեն օր։

Մենք պետք է իջնեինք լեռնային զառիվայրը, որ տանում Է դեպի ծովեզրը։ Անտառը այստեղ վերջանում էր, սկսվում էին մանր թուփեր միայն։ Այդ թփերի մեջ թաքնված էր ձկնորսի խրճիթը, ոչ այնքան հեռու ծովի ափից։ Այդ մենավոր խրճիթի մեջ բնակվում էր այն գաղտնածածուկ մարդը, որի մասին շրջակայքում ոչինչ տեղեկություն չունեին, թե ով է նա, որտեղից է եկել, կամ ինչ մարդ է։

Ես գտա նրան յուր պառավի հետ այնպես բարի, որպես պատմել էր Նենեն։ Նրանք խիստ սիրով ընդունեցին իմ աոաջարկությունը,