Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/460

Այս էջը հաստատված է

մանավանդ երբ պատմեցի անբախտ աղջկա աղետալի անցքը։

— Որդի չունենք, աստված մեզ որդի ուղարկեց,— ասաց ծերունին,— կպահենք մեզ մոտ, կսնուցանենք, գուցե մի ժամանակ բախտավոր կլինի նա։

Ես շտապում էի, գիտեի, որ քավոր Պետրոսը որպիսի անհամբերությամբ սպասելիս կլիներ ինձ։ Ես աոաջարկեցի ձկնորսին իմ ոսկով լի քսակը, բայց նա հրաժարվեցավ ընդունելուց։ Երբ պատրաստվում էի հեռանալ, Նենեն հարցրեց.

— Ե՞րբ կգաս։

— Շուտ կգամ։ Բայց դու այդ խրճիթից չպիտի հեռանաս։

— Երբ դու ինձ հետ չես լինի, ես ոչ մի տեղ չեմ գնա։

Բաժանման րոպեն խիստ զգալի եղավ։ Նենեն չկարողացավ զսպել յուր կրքերը։ Նա քաշ ընկավ իմ պարանոցից, արտասուքը հեղեղի նման թափվում էր նրա աչքերից, և սրտաշարժ հեկեկանքով ասում էր. «Մի՛ գնա, ինձ մենակ մի՛ թողնիր»...։

Ձկնորսը և նրա պառավը հազիվ կարողացան հանգստացնել նրան։ Ես դարձյալ խոստացա, որ նրան մենակ չեմ թողնի և ամեն օր կայցելեմ ձկնորսի խրճիթը։ Ես բաժանվեցա։

Գալով քավոր Պետրոսի մոտ, նրա առաջին հարցը եղավ.

— Ի՞նչ արեցիր։

— Սպանեցի։

— Իսկ դիա՞կը։

— Ձգեցի ծովը։