Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/464

Այս էջը հաստատված է

եկած լինելով, և մանավանդ ճաշի ժամանակ լինելով, այժմ սկսեցին հոգ տանել մեր հանգստության մասին։

Մեր ձիաները և սայլակը տեղավորեցին ես ինքս էլ չհասկացա թե ո՛րտեղ, երևում էր, անտառի մեջ ուրիշ խորշեր ևս ունենեին։ Մեր իրեղենները բերեցին խրճիթը: Ճաշի սեղանն արդեն պատրաստ էր: Ամենքը բոլորեցին սեղանի շուրջը, մեզ ամենապատվավոր տեղը տալով։ Չնայելով, որ նրանք բնակվում էին մի այնպիսի առանձնացած տեղում, լեռների մեջ, անտառների խորքում, բայց սեղանի վրա հայտնվեցան այնպիսի ուտելիքներ և այնպիսի ըմպելիքներ, որ այդ կողմերում հազվագյուտ էին։ Երևում էր, որ քաղաքների հետ խիստ հաճախ հարաբերություններ ունեին։

Խոսակցությունը սկզբում, ըմպելիքների գավաթների համեմատ, հետզհետե կենդանանում էր զանազան հանաքներով և զվարճախոսություններով։ Բայց գնալով ավելի տխուր կերպարանք ստացավ, երբ նրանք սկսեցին հարցնել իրանց հայրենիքի և ընտանիքների մասին։ Մենք Պարսկաստանից ավելի հետո դուրս եկած լինելով, քան թե նրանք, ունեինք շատ նորություններ նրանց համար։

— Մեր Մկրտիչը մեծացե՛լ է,— հարցնում էր մեկը։ Մկրտիչը հարցնողի որդին էր, որին օրորոցի մեջ թողնելով, հայրը հեռացել էր հայրենի երկրից և այն օրից ապրում էր պանդխտության մեջ։

— Մկրտիչը այժմ պսակված է, երեխա ունի,— պատասխանում է քավոր Պետրոսը։

Հայրը ուրախանում է։

— Մայրս խո շատ չի՞ պառավել,— հարցնում է մի ուրիշը։

— Մայրդ կյանքը քեզ բախշեց, արդեն յոթներորդ տարին է, որ պառկած է հողի տակ։

Որդին տխրում է։ Մի քանի ձայներ կրկնում են` «աաստված հոգին լուսավորեսցե»...:

— Մեր Խաչոյի աղջիկը ի՛նչ է անում,— հարցնում էր մի այրը։ Դա յուր կնոջ մասին է հարցնում։

— Խաչոյի աղջիկը հիմա ուրիշ մարդու է գնացել։

— Ի՞նչպես,— գոչում է զարմացած ամուսինը։

— Չե՞ս հասկանում։ Երկար սպասեց քեզ, ոչ լուր ստացավ, ոչ փող ստացավ, վերջը հուսահատվելով, պսակվեցավ ուրիշ մարդու հետ։

Դժբախտ ամուսինը արձակում է խորին հառաչանք և լռում է...: