Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/465

Այս էջը հաստատված է

— Մեր Արևնազը ի՞նչ է անում,— հարցնում է մի ուրիշը դստեր մասին։

— Արևնազին թուրքերը փախցրին։

— Ա՜խ, քոռանամ ես...,— բացականչում է հայրը։

— Երևի, շատ գեղեցիկ աղջիկ էր դարձել,— հարցնում են մյուսները։

— Տգեղին չեն փախցնի,— պատասխանեց քավոր Պետրոսը։

— Յուր նմանը չկար մեր գյուղում,— մեջ մտա ես։

— Իսկ մեր Գասպա՞րը,— հարցնում է մեկը յուր եղբոր մասին։

— Նա հիմա գյուղի քահանան է։

— Մեր այգու խնձորենիները լավ բերք տալիս են, հարցնում է քահանայի եղբայրը։

Բերքը լավ է, բայց պտուղը օտարն է ուտում։

— Ի՞նչպես։ — Քո պարտքերի փոխարեն տիրեցին։ — Ափսոս, այն խնձորենիները ես իմ ձեռքով էի տնկել, հենց այն տարում, երբ հեռացավ մեր երկրից։

Խոսակցությունը ընտանեկան անցքերից անցավ ավելի հասարակական գործերի վրա։

— Գյուղի տանուտերը ո՞վ է հիմա։

— Աղախանը։

— Այն քոռ անիրավը դեռ գյուղը քանդո՞ւմ է։

— Բոլորը տանջված են նրա ձեռքից։

— Երկրի կառավարիչն ո՞վ է։

— Ն․․․ խանը։

— Անիծածը կաշառքից չի կշտանում...։

— Մենք էլ նրա համար ենք վաստակում...։

— Փողի տոկոսը քանո՞վ էր։

— Թումանին ամիսը մեկ կռան։

Վերջին խոսքը սարսափ ձգեց շատերի վրա։ Նրանք այսպիսի ծանր տոկոսներով պարտքեր ունեին իրանց հայրենիքում։ Ամուսնի պարտամուրհակը կնոջը փոխել էին տալիս, և ամեն տարի տոկոսը բարդվում էր դրամագլխի վրա։ Վաշխառուն հարստահարում էր դրանց, իսկ դրանք հարստահարում էին անմեղ, միամիտ մարդիկներին։

Ընդհատված խոսակցությունը շարունակվեցավ.

— Լուսին ի՞նչ է անում։

Դա մեր գյուղի նշանավոր գեղեցկուհիներից մեկն էր։